«Գազ Սուզան Արմենիա» ընկերությունը, որը «Գազպրոմ Արմենիա»-ի համար գազահաշվիչներ է մատակարարում, հետագայում եւս դրանց համար կօգտագործի տեղական արտադրության կորեկտորներ: Այս մասին նշված է NEWS.am-ին փոխանցված ընկերության հայտարարության մեջ:
«Գազ Սուզան Արմենիա» ընկերությունը գազահաշվիչների արտադրության մեջ օգտագործում է հայկական արտադրության (ջերմաստիճանի եւ ճնշման – խմբ.) կորեկտորներ, որոնք արտադրում է «Ա-2» ՍՊԸ-ն, եւ պատրաստվում է հետագայում եւս այդ կորեկտորներն օգտագործել»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ NEWS.am կայքում հրապարակված հարցազրույցում Elpida Elecronics հայկական ինժեներական ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը հայտարարել էր, թե «Գազ Սուզան Արմենիա»-ն դադարեցրել է հայրենական արտադրության կորեկտորների պատվերները:
«Մենք հայկական կորեկտորներ ենք գնում եւ արտասհմանյանին անցնելու պլաններ չունենք: Իսկ մեր պատվիրատուն համարվող «Գազպրոմ Արմենիա»-ն մեզ աջակցում է եւ հնարավորության սահմաններում նախընտրում հայրենական արտադրության կորեկտորները»,- նշված է «Գազ Սուզան Արմենիա»-ի հայտարարության մեջ: