News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուղիղ 61 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում, թալանում եւ բռնաբարում էին հայերին եւ հույներին:  Իսկ պետությունը հանգիստ հետեւում էր իր կազմակերպածին:

Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը եւ թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը մաքրեն ազգային փոքրամասնություններից` հույներից եւ հայերից:

Թուրք խուժանին, իրենց արյունոտ գործն սկսելու համար առիթ էր պետք, եւ այդ առիթն էլ ստեղծեցին: Հունական կառավարության կողմից  Սալոնիկում թուրքերին նվիրաբերած  «Աթաթուրքի տուն թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել, առիթ հանդիսացավ թուրքերի համար: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե հույները Աթաթուրքի տան մեջ ռումբ են պայթեցրել: Վարչապետի մտերիմներից մեկի կողմից հրատարակվող Istanbul Ekspres-ը կեսօրից հետո զարմանալի արագությամբ, հասցրեց մոտ 300 հազար տպաքանակով համար հրատարակել, որը պետության կողմից ստեղծված եւ հովանավորվող «Կիպրոսը թուրք է» միության անդամները բաժանեցին ժողովրդի մեջ:

Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանավորածի: Հայերի, հույների եւ մյուս ազգային փոքրամասնությունների տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նշագրել էին` հեշտությամբ ջարդելու ու թալանելու համար:

Թուրքերի վայրագությունների ընթացքում սպանվել էր 16 հոգի, որոնցից երեքը հայտնաբերվել էին պարկի մեջ այրված: Վիրավորվել էին 500-ից ավել քրիստոնյաներ:  Ընդհանուր հաշվով` թալանի էր ենթարկվել 4214 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 26 դպրոց եւ այլ հաստատություններ:

Հաստատելու համար, որ այս զանգվածային ջարդերը կազմակերպված են եղել թուրքական պետության կողմից, ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշվում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթյունը կազմակերպած Օքթայ Էնգինը, Հունաստանում պայթյունը կազմակերպելու համար մեկ տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել եւ տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ սկսվել է իր  կարիերայում աննախադեպ վերելքը (նախ, Թուրքիայի կարեւորագույն շրջաններից մեկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ):  1971-ին Օքթայը դառնում է Անվտանգության վարչության պետ եւ 7 տարի պաշտոնավարում: Իսկ 1991-ին նշանակվում է Նեւշեհիրի նահանգապետ:

ԱՄՆ-ի Ստամբուլում հյուպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե ականատես է եղել, որ թուրքական ոստիկանությունը ոչինչ չէր անում կանխելու վայրագությունները:

1955-ի ջարդերից տարիներ հետո, Թուրքիայի հատուկ նշանակության զինուժերի նախկին պետ Սաբրի Յիրմիբեշօղլուն նշել է, թե 1955-ի սեպտեմբերի 6-7-ը հատուկ նշանակության զինուժերի գործն էր, որը հրաշալի կազմակերպվել էր:

Իսկ վերջում հիշեցնենք Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարի մի առիթով ասված խոսքը. «Եթե հայերը եւ հույները Թուքիայում մնային, արդյոք. մենք այսպիսի ազգային պետություն կլինեի՞նք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ