News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի Առեւտրի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն ներկայացրեց Հայաստանից Ռուսաստան արտահանման նոր հնարավորությունները՝ ըստ եւ՛ մանրածախ, եւ՛ մանր մեծածախ առեւտրի: Այդ ուղղությամբ Մոսկվայում առաջին քայլերն արդեն կատարվել են: Եվս մեկ նոր ուղղություն է ռուսական սարքերի համար ռուբլով տրամադրվող արտոնյալ վարկերը, որոնք կօգնեն խուսափել վատ հիշողություններ թողած 2015-ի արժութային ցնցումից:

Հայ ձեռնարկատերերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջեւ բազմիցս են բարձրացրել ԵՏՄ մյուս երկրների ընկերությունների հետ գործարքների դեպքում ԱԱՀ փոխհաշվանցման դժվարությունների հարցը: Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում:

Կրկնակի հարկման կանխումը ազգային կառավարությունների պարտականությունն է: Երբ ձեռնարկատերն, օրինակ, ապրանք է գնում Ռուսաստանում եւ այնտեղ ԱԱՀ-ը վճարելու վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացնում, այստեղ չպետք է կատարվի ԱԱՀ-ի կրկնակի հարկում: Այո՛, հաճախ ապրանքը ձեւակերպվում է առանց ԱԱՀ վճարման, եւ այն ամբողջությամբ հարկադրված է գնորդը վճարել: Այս հարցը բարձրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի ձեռնարկատերերը հասկանան, որ չի կարելի ապրանքը ձեւակերպել առանց ԱԱՀ-ի: Ժամանակի ընթացքում այս պրակտիկան պետք է ամրապնդվի:

Հունիսի վերջին Երեւան ժամանեցին Մոսկվայի մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցերի ներկայացուցիչները, որոնք ցանկանում էին տեղեկանալ, թե իրենցից ինչ են սպասում հայ արտահանողները եւ նրանց ինչ պայմաններ է հնարավոր առաջարկել:

Այդ այցը Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի Մոսկվա կատարած այցելության արձագանքն էր: Այդ այցի կազմակերպումը ճիշտ քայլ էր: Սակայն ծավալների անբավարարության պատճառով քննարկումների ընթացքում հարցերից շատերը չլուծվեցին, ինչի մասին նախկինում էլ եմ ասել: Այո՛, ռուսական ցանցերում հայկական ապրանքը պահանջարկ ունի, սակայն առկա չէ առեւտրի ցանցերի համար անհրաժեշտ ծավալը: Առայժմ այդ խնդիրը այս կամ այն չափով կարողանում է հաղթահարել միայն «Սպայկա» ընկերությունը (զբաղվում է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանմամբ – խմբ.):

Մենք որոշեցինք մյուսների համար ռուսական շուկա դուրս գալու ինչ-որ այլ հնարավորություններ գտնել: Եվ գտանք: Դա տոնավաճառներն են: Օգոստոսի վերջին հանդիպեցինք հայ գյուղացիների՝ փոքր ձեռնարկատերերի հետ եւ տեսակոնֆերանս անցկացրեցինք «Ռեգիոն» եւ «21-րդ դար» ՍՊԸ-ների ղեկավարության հետ: Այս ընկերությունները՝ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի իշխանությունների աջակցությամբ պարբերաբար տոնավաճառներ են կազմակերպում՝ աշխատելով Մոսկվայի եւ մարզի տոնավաճառային տարածքներում, բազմամարդ կետերում, օրինակ՝ մետրոյի առանցքային կայարանների մոտ:

Այսինքն՝ նույնիսկ հայ փոքր ձեռնարկատերը կարող է 2-3 տոննա բեռ փոխադրել եւ տեղի համար վճարելով՝ առեւտուր իրականացնել: Նա 3x4 մետր մակերեսով սեղանիկ է ստանում, որը ծածկով պաշտպանված է անձրեից եւ ձյունից, տրամադրվում են պահպանության, անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու ծառայություններ: Եթե մսամթերք կամ ձուկ է փոխադրել, կարելի սառնարան եւ ցուցափեղկ վարձակալել: Միակ փաստաթուղթը, որ իրենց մոտ պետք է ունենան՝ արտադրանքի անվտանգության հավաստագիրն է:

Մեկ այլ տարբերակ է Ռուսաստանի «Բուխտա» մեծածախ-մանրածախ առեւտրի կենտրոնը: Անձամբ այնտեղ եղել եմ, ծանոթացել պայմաններին, այնտեղ իրենց ապրանքն են արդեն պահում հայ խոշոր արտադրողները: Այնպես որ՝ առեւտուր անելու հնարավորություններ կան, իսկ այն, թե մենք ռուսական շուկա դուրս գալու համար հայ ձեռնարկատերերի համար պայմաններ չենք ստեղծել՝ կարելի ասել միայն այն առումով, որ այդ պայմանների մասին դեռեւս չենք տեղեկացրել յուրաքանչյուրին: Դա, իհարկե, չենք կարող անել հայկական համապատասխան կառույցների փոխարեն, սակայն կարող ենք ուղղությունները հուշել:

Փոքր արտադրողի համար տոնավաճառները այլ ի՞նչ գրավիչ կողմեր ունեն:

Սուպերմարկետները եւ՛ մեծ ծավալ են պահանջում, եւ՛ ապրանքի առաջմղման վճար, այսինքն՝ սկսում է վճարել ապրանքը վերցնելուց 60-90 օր հետո: Մինչդեռ փոքր արտադրողները սպասելու հնարավորություն չունեն: Այդ պատճառով կարծում եմ, որ մենք հարմար տարբերակ ենք առաջարկում:

Ըստ որում՝ հայ արտադրողներն այն արդեն օգտագործում են: Բերեմ մեկ օրինակ: Պանրի փոքր արտադրողներից մեկը, որը նախկինում եւս տոնավաճառներում էր աշխատում, որոշեց դա վերականգնել: Նրան ասացին, որ առաջին անգամ փոխադրի 2-3 տոննա: Նա վախեցավ եւ ասաց՝ միանգամից այդքան չեմ բերի, ապրանքը կփչանա: Ինչ-որ ծավալ բերեց, հարազատների օգնությամբ հանձնեց Մոսկվայի խանութներին, իսկ տոնավաճառի համար 200 կգ պահեց: Այնուհետեւ հարազատների հետ ուղեւորվեց ռեստորան ճաշելու, դեռ տեղ չէր հասել, երբ նրան զանգահարեցին եւ ասացին՝ մենք արդեն 200 կգ-ը վաճառել ենք, արագ հասցրու: Նրանք վեր թռան, նստեցին իրենց մեքենան, շրջեցին բոլոր խանութներով, որտեղ ապրանք էին հանձնել, եւ ամբողջ ապրանքը տարան տոնավաճառ: Մեկ օրվա ընթացքում ամբողջ 2-3 տոննան վաճառեցին:

Չեմ վախենա հաճոյախոսել՝ Մոսկվայում եւ մարզում հայկական արտադրանքն իսկապես հատուկ պահանջարկ ունի: Եթե պիտակի վրա «Հայաստան» է գրված, մարդիկ գիտեն, որ դա որակյալ է եւ համեղ: Իհարկե, պետք է համապատասխանի որակի պահանջներին:

Վերջերս հանդիպեցի Մերձմոսկվայի երկու քաղաքների՝ Դմիտրովի եւ Կրասնոգորսկի վարչակազմերի ղեկավարներին: Այնտեղ պատրաստ են հայկական արտադրանքն ընդունել, ըստ որում՝ ոչ միայն պարենային, այլեւ տեքստիլ: Առավել եւս, որ հիմա «Մոսկվա-Մերձմոսկվա» տաբերությունը պայմանական է. շատերն աշխատում են Մոսկվայում, սակայն բնակվում են Մերձմոսկվայում: Աշխատանքի ավարտին մտնում են տեղական շուկա ու տուն շտապում:

Հայ արտահանողների համար դժվարություններ է ստեղծում նաեւ ռուբլու փոխարժեքը: Իրենց արտադրության համար նրանք դոլարով կամ եվրոյով են վարկեր վերցնում, իսկ շահույթ ստանում են ռուբլով: Կարո՞ղ են ռուսական կազմակերպությունները ռուբլով վարկեր տրամադրել: Այդ նպատակով ռուսական համապատասխան գործիքներ կա՞ն:

Իհարկե: Ռուսական արտահանման աջակցության կազմակերպությունները՝ Ռուսական արտահանման կենտրոնը, ՌԴ պետական արտահանման-վարկավորման գործակալությունը, «Ռոսէքսիմբանկը» ռուբլով արտոնյալ վարկեր են տրամադրում: Դրանցից կարող են օգտվել, օրինակ, այն անձինք, որոնք ցանկանում են ռուսական մեքենաշինական տեխնիկայի արտադրանք գնել: Իսկ ՌԴ Առեւտրի ներկայացուցչությունը հայ ձեռնարկատերերի հետ պատրաստում է նախագծերը: Այդ վարկերի տոկոսադրույքներն անչափ շահավետ են: Չեմ հրապարակի չափերը, քանի որ դրանք համաձայնեցվում են յուրաքանչյուր կոնկրետ նախագծի համար: Բայց դրանք, ի տարբերություն առեւտրային բանկերի, զգալիորեն ցածր են: Ցավոք, Հայաստանի հետ հաջող օրինակներ առայժմ չկան, բայց ցանկանում եմ հույս հայտնել, որ կլինեն: Հայկական ձեռնարկություններն արդեն այդ հնարավորությամբ հետաքրքրվում են

Իսկ սարքերի որակին առնչվող հարցեր չե՞ն առաջանում:

Կա մի հանգամանք, որի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում եւ չի նկատում: Մեր դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցներից շատ ավելի վաղ ռուսական մեքենաշինական տեխնիկայի ոլորտում արդեն իսկ նոր տեխնոլոգիաներ էին ներդրվել՝ եւ՛ կոմբայնների, եւ՛ վերելակների, եւ՛ «ԿամԱԶ»-ների, եւ՛ ջերմոցների արտադրության մեջ: Ռուսաստանում տեղայնացվել են նաեւ արեւմտյան շատ արտադրություններ:

Հնարավո՞ր է՝ ռուսական արտահանման-վարկավորման կազմակերպությունների համար Հայաստանից ներկայացվող նախագծերը ծավալով փոքր լինելու պատճառով գրավիչ չեն…

Նման հարց, իհարկե, կա, բայց մենք աշխատում ենք նախագծերի առաջմղման համար, իսկ սարքավորումները պատճառ չեն դառնա: Մենք հայ ձեռնարկատերերին ծանոթացնում ենք վերանորոգման-վերականգնման նոր տոխնոլոգիաների, վիբրոախտորոշման սարքավորումների, այլընտրանքային էներգետիկայի տոխնոլոգիաների հետ: Գոյություն ունեն նաեւ բոլորին լավ ծանոթ ճանապարհաշինական տեխնիկան, բուլդոզերները, նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ