News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 20-23-ը Փարիզում՝ «IFTM Top Resa-2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին հայկական 7 ընկերություններ Հիմնադրամի հետ միասին ներկայացնում են Հայաստանն ու Արցախը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություններ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայություն NEWS.am-ին հայտնում են, որ «IFTM Top Resa»-ն աշխարհում ոլորտի խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում են արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող գործակալություններ, հյուրանոցային եւ ռեստորանային ծառայություններ մատուցողներ, փոխադրող ընկերություններ եւ ծրագրավորողներ։ Ոլորտի այս խոշոր իրադարձությանը մասնակցում է 32 հազար գործարար ու մասնագետ՝ 158 երկրից, ինչը ցուցահանդեսը հարթակ է դարձնում եվրոպացի գործընկերների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

«Եվրոպան Հայաստանի համար թիրախային շուկա է, եւ դեպի Երեւան եվրոպական ավիափոխադրողների կողմից իրականացվող ուղիղ չվերթերը մրցունակ ու առավել գրավիչ են դարձնում հայկական ուղղությունը: Բացի այդ, եվրոպացի զբոսաշրջիկները գնահատում են էկոլոգիապես մաքուր սնունդը, պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցով այդքան հարուստ են հայկական երկու պետությունները: Կարծում եմ, այս ամենը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի առաջխաղացմանը ֆրանսիական շուկայում»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Դեպի Հայաստան ուղղությունը Փարիզում ներկայացնել ցանկացող բոլոր յոթ զբոսաշրջային կազմակերպությունները ցուցահանդեսին մասնակցում են հին գործընկերներին հանդիպելու եւ նոր ու արդյունավետ կապեր հաստատելու նպատակով:  Ցուցահանդեսի մասնակից ընկերությունները ներկայացրել են իրենց ակնկալիքները:

«Գնում ենք նոր գործընկեր գտնելու եւ հների հետ հանդիպելու։ Այնտեղ ներկայացնելու ենք Հայաստանում առկա բոլոր տեսարժան վայրեր տուրերի մեր առաջարկները: Փորձում ենք բաց չթողնել հայկական զբոսաշրջային ապրանքների համար շուկա հանդիսացող երկրների նմանատիպ ցուցահանդեսները»,-նշել է «IFTM Top Resa-2016»-ի մասնակից «Ջեոգրաֆիկ Թրավել Քլաբ» ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանը:

«Տուր Դելիս» տուրիստական ընկերությունն առաջին անգամ է մասնակցում ֆրանսիական ցուցահանդեսին ու հանդես գալիս Հայաստանի ներգնա զբոսաշրջային առաջարկներով. «Լիահույս ենք, որ նոր կապեր կստեղծենք օտարերկրյա մեր գործընկերների հետ, գուցե նաեւ պայմանագրեր կնքվեն»,- նշել է ընկերության հիմնադիր Քրիստինա Նալբանդյանը: 

«Մեր ընկերությունն այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է արդեն 9-րդ անգամ` ներկայացնելով դեպի Հայաստան ու տարածաշրջան համակցված, դասական ու արկածային տուրեր»,- նշել է «Սաբերատուր-Սեւան» ընկերության Ներգնա տուրիզմի վաճառքի մենեջեր Գագիկ Հակոբյանը։

«Հայաստանը բավականին ճանաչված ու ներկայացված է ֆրանսիական շուկայում, այնուամենայնիվ, արդեն 8-րդ անգամ մասնակցում ենք ցուցահանդեսին` ակնկալելով զբոսաշրջային հոսքի աճ հենց այս երկրից»,- նշել է «Լ. Ս. Ֆանտուր» ընկերության Ներգնա զբոսաշրջության վարչության ղեկավար Զառա Մալայանը: Ընկերությունը երեք հիմնական շեշտադրում է արել՝ ներկայացնել երկիրը մշակութային տուրերի միջոցով (ուխտագնացություն Հայաստան` դեպի առաջին քրիստոնեական երկիր, Հռոմի պապի այցի մասին ընդգծումով), Հայաստանը, որպես գինեգործական հարուստ ավանդույթներ ունեցող երկիր եւ ձմեռային տուրիզմի հնարավորությունների տեսանկյունից:

«Կներկայացնենք Հայաստանի բոլոր գրավիչ զբոսավայրերն ու մեր երկիրն ընտրած զբոսաշրջիկի հարմարավետության համար կառաջարկենք բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է արդեն քսան տարի գործող եւ 5-րդ անգամ ցուցահանդեսին մասնակցող «Էլիտար» զբոսաշրջային ընկերությունը:

«Ֆրանսիական ցուցահանդեսից մեր ընկերության ամենամեծ ակնկալիքը 2017-ին դեպի Հայաստան մեծ զբոսաշրջային հոսքերի ապահովումն է: Հայաստանի բոլոր շրջանները ընդգրկող մեր կազմած փաթեթներով ուզում ենք խթանել գյուղական զբոսաշրջությունը, Հայաստանը ներկայացնել` որպես գինու բնօրրան, զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել Արցախի գեղատեսիլ բնության ու պատմամշակութային արժեքների վրա: Հայաստանը միայն եկեղեցիների երկիր չէ, ունենք շատ այլ հնարավորություններ եւս, որոնք պետք է ներկայացնենք Ֆրանսիայում»,- նշել է «Նուեվա Վիստա» ընկերության ներկայացուցիչ Ասյա Հովհաննիսյանը:

«IFTM Top Resa»-ն քառօրյա միջոցառում է, որը հիմնադրվել է 1978-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում՝ սկզբնապես ներառելով միայն հանգստին ուղղված զբոսաշրջային առաջարկներ։ Հետագայում միջոցառումն ընդլայնել է շրջանակը՝ դառնալով բազմաթիրախ շուկայական իրադարձություն եւ անցկացվում է Փարիզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ