News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կադրային քաղաքականության մեջ որևէ մեկ անգամ կուսակցական պատկանելիությունը մենք հիմք չենք ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք հիմք են ընդունում պրոֆեսիոնալիզմը, մարդու ինտելեկտուալ կարողությունները:

«Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց, մեր կուսակցությունը հայտարարեց, որ ազատություն է տրվում նաեւ կադրային քաղաքականության մեջ, որ հիմք դրվի պրոֆեսիոնալիզմի եւ ավելի կարող, ունակ մարդիկ ընդգրկվեն Կառավարության կազմում: Սա չի նշանակում, որ նախկինում ոչ պրոֆեսիոնալներ են եղել, պարզապես խաղի կանոներն են փոխվել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Նորանշանակ վարչապետն արդեն հասցրել է աշխատանքից ազատել գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին: Նորանշանակ նախարարները նոր դեմքեր են քաղաքականության մեջ:

Տրանսպորտի եւ կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, «Ռոստելեկոմի» բաժնետերերից է։ Սերգո Կարապետյանի փոխարեն գյուղնախարար է նշանակվել «Պեռնո Ռիկար» կոնյակի գործարանի գլխավոր ֆինանսիստ Իգնատի Առաքելյանը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում Լեւոն Յոլյանին փոխարինել է  Աշոտ Մանուկյանը, որը նույն նախարարության կադրերից  է: Նախարար նշանակվելուց առաջ նա «Հրազդան Ջեկ»-ի տնօրենն էր, որի միակ բաժնետերն է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը։ Ֆինանսների նախարար գործադիրի հնաբնակ Գագիկ Խաչատրյանին փոխարինել է Վարդան Արամյանը, որը նորանշանակների մեջ միակն է, որը քիչ թե շատ հայտնի է հասարակությանը։ Վարդան Արամյանը ֆինանսների փոխնախարար էր եւ 2013 թվականին տեղափոխվել է նախագահական նստավայր՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Տպել
Ամենաշատ