News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը պահանջել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարից Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկել ոչ թե սոսկ ֆինանսական, այլ՝ աշխարհաքաղաքական տեսակետից:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Կոնգրեսում ֆինանսների հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը։

Շերմանը ելույթ է ունեցել եւ ասել է. «Ցանկանում եմ բացատրել, թե ինչու եմ Հայաստանի հետ հարկային պայմանագրի ստորագրումն առաջնահերթություն համարում: Կանադան, որի համապատասխան նախարարությունն ունի ձեր միջոցների մեկ տասներորդը, կնքել է Հայաստանի հետ համաձայնագիրը: Ձեր գերատեսչությունը համաձայնագրեր է կնքել Լյուքսեմբուրգի, Մալթայի եւ բազմաթիվ այլ երկրների հետ: Սակայն, ձեր աշխատակիցները կարեւոր հանգամանք են բաց թողնում, նրանք դիտարկում են ամեն ինչը բացառապես տնտեսական տեսանկյունից, մինչդեռ պետք է հիշեն նաեւ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական համատեքստը: Ես ձեր գերատեսչությանը կոչ եմ անում այս կապակցությամբ գործողություններ ձեռնարկել»,- ասել է նա:

Բացատրելով հարցի կարեւորությունը Կոնգրեսի, պետքարտուղարության եւ պաշտպանության նախարարության տեսանկյունից՝ կոնգրեսականն ասել է. «Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից: Դա այնքան կարեւոր է, որ դուք ոչ միայն հարկային համաձայնագրեր եք կնքել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի հետ, այլ մենք ռիսկի գնալով Էստոնիային ՆԱՏՕ ենք ընդունել: Մենք կարող ենք պատերազմի մեջ հայտնվել Ռուսաստանի հետ, մենք կարող ենք պատերազմի դաշտում զինվորներ կորցնել: Ես չեմ խնդրում ֆինանսների նախարարությունում որեւէ մեկին նժարի վրա դնել կյանքը, այն ընդամենը խնդրում եմ պարզ մի բան ձեռնարկել, քանի որ հայկական կողմը հենց ձեր նմուշով է համաձայնագիրը մշակել: Հաշվի առնելով, որ այս նպատակի համար Կոնգրեսը միլիարդավոր դոլարներ է տրամադրել, հաշվի առնելով, որ այս նպատակի համար մեր զինվորները պատրաստ են զոհվել, կարո՞ղ եք արդյոք դուք մի քանի ամսով իրավաբան հատկացնել, ով ավարտին հասցնի Հայաստանի հետ հարկային համաձայնագրի մշակումը»:

Ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուն արձագանքել է. «Ես գիտակցում եմ Հայաստանի ռազմավարական նշանակությունը եւ գնահատում եմ ձեր մտահոգության պատճառները: Մենք այս հարկային համաձայնագրերը դիտարկում ենք տնտեսական հարկային քաղաքականության համատեքստում եւ հիմնական հարցն այստեղ վերաբերում է երկակի հարկումից խուսափելու հեռանկարին»:

«Նույն պատասխանը դուք տվեցիք նախորդ անգամ: Սա հավի եւ ձվի պատմությունն է, չկան ներդրումներ, որովհետեւ չկա հարկային համաձայնագիր, չկա հարկային համաձայնագիր, որովհետեւ չկան ներդրումներ»,- արձանագրել է կոնգրեսական Շերմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ