News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Պուտինի հարաբերություններում առկա է փոխադարձ անվստահություն, The Wall Street Journal-ում գրում է Էմի Ֆերրիս-Ռոտմանը:  

Մեկնաբանը հիշեցնում է, որ նախօրեին ընթացած նախագահական բանավեճի ընթացքում Քլինթոնը կասկածանքով է արտահայտվել Պուտինի մասին` ասելով, որ նա «դաժան եւ երկարատեւ խաղ է խաղում»: Սակայն Կրեմլն էլ նախկին պետքարտուղարի հանդեպ վստահություն չի տածում: 

Մի շարք նախկին դիվանագետների եւ կառավարական շրջանակների աղբյուրների խոսքով, Կրեմլը հանձին Քլինթոնի տեսնում է մի մարդու, որը բացահայտորեն ժողովրդավարացման ծրագիր է իրականացնում, որը Կրեմլը որպես սպառնալիք է դիտարկում:  Այսպես` ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս Վաշինգտոնին մեղադրել են  «վարչակագի փոփոխության» քաղաքականություն իրականացնելու համար, որն ուղղված է նաեւ Մոսկվայի դեմ, եւ հայտնել են, որ ԱՄՆ-ն է ֆինանսավորում համապատասխան «ժողովրդավարամետ խմբերը»:

Թշնամանքը բացատրվում է նաեւ ռուսաստանյան  մի շարք առաջատար քաղաքական գործիչների եւ դիվանագետների հետ Քլինթոնի անձնական «սուր» հարաբերությունների պատմությամբ, ներառյալ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարաբերությունները, ասված է հոդվածում:    

«Նա երբեք չի սիրել գործ ունենալ Պուտինի եւ Լավրովի հետ: Կարծում եմ` այդ զգացումը փոխադարձ է», — հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

Մեկնաբանը վերհիշում է, որ 2009 թվականին պետքարտուղարի պաշտոնը ստանձնած Քլինթոնի առաջին խնդիրներից մեկը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնումը»: Սակայն հենց սկզբից այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել. Լավրովի հետ հանդիպման ընթացքում Քլինթոնը նրան խորհրդանշական կոճակ է նվիրել, որի վրա ռուսերեն սխալմամբ «վերաճնշում» էր գրված «վերաբեռնումի» փոխարեն: Դա չի մթագնել հանդիպումը, սակայն չորս տարի անց, երբ Քլինթոնը լքում էր իր պաշտոնը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված անձնական նամակում նա նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները նվազագույնի են հասել: 

Նյութում  դեմոկրատների թեկնածուի նկատմամբ Ռուսաստանի թշնամանքի եւս մեկ բացատրություն է մեջբերվում, որի համաձայն, Մոսկվան չի ցանկանում, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կին զբաղեցնի:  Այսպես` ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի հասկանում, թե նա    «ինչպես է պատրաստվում շփվել արաբների եւ թուրքերի եւ այն երկրների հետ, որոնք կանանց չեն սիրում»: Միաժամանակ մեկնաբանը հիշեցնում է, որ Պուտինը այլ կին առաջնորդների հետ փոխհարաբերությունների բազմամյա փորձ ունի, ներառյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է  Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ