News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խոջալուի դեպքերի պատասխանատուն Ադրբեջանի այդ ժամանակի ղեկավարությունն էր, ինչի մասին գրում էին ադրբեջանական թերթերը։ Այդ մասին ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետի Վահրամ Կաժոյանը։

«Երբ որեւէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ եւ որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված եւ հիմնավորված չէ:

Անդրադառնալով Խոջալուին՝ տարօրինակ է, որ ադրբեջանական պատվիրակությունը խոսում է Խոջալուի մասին, որովհետեւ ես կրկին հիշատակել եմ կարճատեւ հիշողության մասին: Եթե որեւէ մեկը կարողանար կարդալ Ադրբեջանի՝  այդ ժամանակվա թերթերը, կատարելապես պարզ կլիներ, թե ով է իրագործել Խոջալուի սպանդը: Պատասխանատուն Ադրբեջանի այդ ժամանակի ղեկավարությունն էր, ինչի մասին գրում էին ադրբեջանական թերթերը: Ես անշուշտ համաձայն եմ, որ ԻԼԻՊ-ի նախատիպը ստեղծվել է Խոջալուում, բայց այդ նախատիպը ստեղծվել է ադրբեջանական ջոկատների կողմից, որոնք սպանում էին իրենց սեփական քաղաքացիական բնակչությանը: Հայկական ջոկատները, ընդհակառակը, բացել են ազատ, խաղաղասիրական միջանցք քաղաքացիական բնակչության համար, որպեսզի վերջինս տարհանվի կռվի թատերաբեմից»,- ասել է նա:

«Վերադառնալով ինքնորոշման հարցին՝ ինչպես ճիշտ նշվեց, Մինսկի խմբի համանախագահությամբ տարվող ընթացիկ բանակցությունները իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է չխոսել ինքնորոշման մասին: Ինքնորոշման արդյունքը ներկայիս ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններն են: Եթե որեւէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը եւս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, եւ ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համընդհանուր իրավունքը:

Հետաքրքիր է նաեւ խոսել 1918-1920թթ.. իրադրության վերաբերյալ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ազգերի լիգան ընդունել է Հայաստանի եւ Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտը: Ազգերի լիգան մերժել է կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական հայտը հարեւանների հետ ունեցած տարածքային խնդիրների եւ չկարգավորված հարցերի պատճառով:

Անդրադառնալով ահաբեկչության փառաբանմանը՝ նշենք, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որ ապաստան է տրամադրում հանցագործներին, ահաբեկիչներին` շնորհելով նրանց հերոսի կարգավիճակ: Բոլորն են հիշում այն պատմությունը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան կացնով սպանեց քնած հայ սպային: Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց քնած մարդուն կացնահարած ոճրագործին, բայց հետո նա արտահանձնվեց Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը Ադրբեջանում: Այն պահին, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց նրան, ով նաեւ հնարավորինս հերոսացվեց, փառաբանվեց եւ դարձավ Ադրբեջանի ազգային հերոս: Եթե մի երկրի ազգային հերոսը Սաֆարովի նման մեկն է, ինչ-որ մեկը, ով հերոս է պարզապես այն փաստի համար, որ նա հայի է սպանել, ո՞րն է այդ  երկրի ապագան:

Հայաստանը 12 ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հայրենիք է, որոնց մի մասը՝ եզդիները, ասորիները չունեն իրենց պետությունը, եւ նրանք շատ երջանիկ են, որ ապրում են Հայաստանում, որտեղ իրենց բոլոր իրավունքները երաշխավորված են: Ադրբեջանցիները եւս ապրել են Հայաստանում, որտեղ իրենց իրավունքները երաշխավորված են եղել: Բայց Ադրբեջանում հայկական կոտորածների բռնկման հետեւանքով, որոնց զոհ գնաց Ադրբեջանի հայությունը` շուրջ կես միլիոն հայ բնակչությունը, այսօր ոչ մի հայ չի մնացել Ադրբեջանում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները կրկին մեջբերում են որոշ կեղծված թվեր դրա վերաբերյալ: Այսպիսով, ո՞վ է ավելի հանդուրժող, եւ ո՞վ` ոչ: Դատեք ինքներդ»,- նշել է Կաժոյանը:

Տպել
Ամենաշատ