News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում տարբեր տեսակի խախտումներ է արձանագրել, սակայն դրանց վրա չի կենտրոնացել: Քրիստ Մարուքյանը, որը գլխավորում է կուսակցության ցուցակը, նշում է, որ ժամանակը շատ կարճ էր եւ պետք էր անել առավելագույնը, իսկ խախտումների վրա շեղվելով՝ կկորցնեին մի քանի հանդիպում ավել անցկացնելու հնարավորությունը:

«Նախընտրական փուլն անցել է բավականին ակտիվ ու լարված: Ութ կուսակցություն է պայքարի մեջ եւ կրքերը գնալով տաքանում են: Վերջին քսան տարիներն էլ իշխանությունները նորամուծություններով չեն փայլել: Մեզ համար այս ամենը սպասելի էր, ոչ մի նորություն չկա: Մենք խախտումների վրա չենք կենտրոնացել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Քրիստ Մարուքյանը:

Ըստ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի՝ իրենց թիմի նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն տարբեր լծակներով փորձել են իրենց համախոհների վրա ազդել կամ թյուր պատկերացում ստեղծել «Լուսավոր Հայաստանի» մասին: Էդմոն Մարուքյանը համոզված է՝ իր ընտանիքը Վանաձորում բոլորին է հայտնի, ինչպես նաեւ իրենց թիմը, հետեւաբար, այդ փորձերը հաջողության չեն հասել:

Թե ինչու պետք է վանաձորցին իր ձայնը հենց նորաստեղծ կուսակցությանը տա, Մարուքյանն իր տեսակետն ունի. «Նոր կուսակցություն ենք, բայց հին կուսակցություններին վանաձորցին հնարավորություն է ունեցել տեսնելու եւ փորձելու: Մեր կուսակցությունը Վանաձորում է ծնունդ առել, մեր զարգացման յուրաքանչյուր քայլը տեղի է ունեցել վանաձորցիների աչքի առաջ, հետեւաբար անմիջական կապը, տեղական ընկալումը իր դերը կխաղա ընտրությունների ժամանակ: Վանաձորցիները, կապ զգալով հանդերձ, շատ ավելի լայն հնարավորություններ ունեն «Լուսավոր Հայաստանի» հետ աշխատելու, քան մնացած բոլոր կուսակցությունների, որոնք տարիներ շարունակ Վանաձորի տեղը չեն իմացել, հիմա եկել են ու տարբեր ելույթներով փորձում են ցույց տալ, թե ինչքան են մտահոգ Վանաձորի ապագայով, որը մինչեւ այժմ չենք նկատել, եւ հոկտեմբերի 2-ից հետո էլ չենք նկատելու: Նրանք վերադառնալ;ու են Երեւան, իսկ վանաձորցիները մնալու են մենակ այստեղ»:

Մարուքյանն ընդգծեց, որ նկատի ունի բոլոր կուսակցություններին, որոնցից եւ ոչ մեկն այս տարիների ընթացքում չի փորձել տեղում իշխանափոխություն անել կամ հայտ ներկայացնել իշխանափոխության: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած տարաձայնություններին՝ Քրիստ Մարուքյանը կրկին ընդգծեց՝ բոլորն են ծանոթ իրենց թիմի կատարած աշխատանքներին եւ այս կարճ ժամանակահատվածում գալ ու փորձել այլ կարծիք ձեւավորել, հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին, մասնակցում է 8 կուսակցություն:

Տպել
Ամենաշատ