News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ինչու Արցախում չկա ուժեղ ընդդիմություն եւ ինչ են փոխելու առաջարկվող սահմանադրական փոփոխությունները երկրում։ Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է Արցախի Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի հետ։

Պարոն Հյուսնունց, ինչո՞ւ  հենց հիմա առաջացավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն Արցախում եւ ինչո՞ւ ընտրվեց հենց կառավարման նախագական մոդելը։

Ճիշտն ասած՝  ապրիլյան դեպքերից հետո մեր առօրյա կյանքում շատ բաներ փոխվեցին։ Ի սկզբանե մենք կողմ էինք կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն ապրիլյան դեպքերից հետո մեր մտադրությունները փոխվեցին, հասկացանք, որ Ղարաբաղում խիստ անհրաժեշտ է նախագահական մոդելը, որովհետեւ մենք այսօր ունենք պատերազմի իրավիճակ Ադրբեջանի կողմից, այս հռետորաբանությունը, դիվերսոիոն գործողությունները, հարձակումները մեզ կարծես թե այդ ճանապարհով են տանում։

Հատկապես ո՞ր խնդիրներն են, որոնք հնարավոր չէ լուծել կառավարման ներկայիս մոդելով, ի՞նչ առավելություն է տալու նախագահական մոդելը։  

Նախկին Սահմանադրության մեջ մի բացի մասին խոսեմ. քաղաքական ուժը, որն ամենից շատ քվեն է վերցրել՝ մոտ 30 հազարից ավելի ձայն, այդ կուսակցության ղեկավարը ավելի ստորադաս վիճակում է, քան գործող նախագահը։ Այս թույլ կողմերը աշխատում ենք վերացնենք եւ վավերացնենք այն, ինչ այսօր կա։ Մեր նման չճանաչված պետություններում Սահմանադրությունը կարող է փոխվել 10–15–30 տարվա կտրվածքներով, այսինքն՝ միշտ հղկման կարիք ունի, եւ այսօր ժամանակը թելադրում է, որ այս ճանապարհով գնանք։

Որոշ մտավախություններ են հնչում, որ դա արվում է գործող իշխանությունների վերարտադրության նպատակով։

Երեք կուսակցություններ նախկինում սատարել են գործող նախագահ Բակո Սահակյանին, ինչը գրեթե տասը տարի պահպանվում է։ Երեք ուժերը, որոնք դոմինանտ են, կազմում են քաղաքական դաշտում 90–95 տոկոս, այսինքն դժվար չի լինի ցանկացած մոդելի դեպքում էլ դա անել։ Այսինքն, ինչ էլ լինի, միշտ այս վտանգը կա, որ մեզ կարող են մեղադրել վերարտադրման մեջ։

Ինչո՞ւ Արցախում չկա ուժեղ ընդդիմություն։

Նախ Արցախի ժողովուրդը իրենց մենթալիտետով մի քիչ տարբեր են՝ օրինապաշտ ժողովուրդ են, կազմակերպված։ Այսօր Ղարաբաղում մենք ինքներս ընդդիմություն ենք, այսինքն՝ ես խնդիր չունեմ, որեւէ պրոբլեմատիկ հարց հնչեցնել նախագահի մակարդակով կամ քննարկել վարչապետի, նախարարի մոտ։ Այսինքն՝ մենք ունենք ուրիշ կառավարման համակարգ, որ կարծես թե ընտանիքի է նման, այդ պատճառով ընդդիմություն հասկացությունը մի քիչ այլ կերպ է, այսինքն՝ մենք ընդդիմությունը պատկերացնում ենք Արշակ Սադոյանից մինչեւ Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, չէ՞։ Այստեղ մենք կազմակերպված ենք, մեր խնդիրներն իրար մեջ կարող ենք լուծել, այսինքն՝  մեր խնդիրը դրա մեջ է, որ  մենք այնքան կազմակերպված ենք, որ Ադրբեջանը չի կարող մեր հախից գա եւ չի էլ գալու։

Արցախում ի՞նչ  ակնկալիքներ ունեն ղարաբաղյան բանակցային գործընթացից։

Բանակցային գործընթացները դրական միտում ունեն, գոնե սահմանին կանգնած զինվորները չեն մահանում, զոհերի թիվն է քչանում, վիրավորների թիվն է քչանում։ Բայց չենք տեսնում, որ Ադրբեջանն ուզում է հաշտության եզրեր գտնի։ 90–ականների պարտությունից հետո Ադրբեջան ազգային տղամարդկային արժանապտվությունը խոցված է, չեն հաշտվում այդ իրողության հետ, իրենք պետք է հասկանան՝ մենք ենք մեր երկրի տերը եւ մեր ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։  Առանց Արցախի որեւէ խնդրի լուծում ակնկալել անհնարին է, որովհետեւ մենք ինքնուրույն ենք ընտրել մեր ճանապարհը, 25 տարի առաջ հռչակել մեր  անկախությունը։ Այսօր ցանկացած լրագրող, պետական գործիչ, Ղարաբաղ ցանկացած  այցելող այլ պետություն է պատկերացնում՝ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն։  Այստեղ ժողովրդավարական ինստիտուտները ավելի են գործում, քան Հայաստանում, որտեղ առավոտից իրիկուն իրար հայհոյում են։ Եթե դա է ժողովրդավարությունը, մենք այդ ժողովրդավարության մեջ մաս ու բաժին չունենք։

Մոտ ապագայում պատերազմի վերսկսման որեւէ հնարավարություն տեսնո՞ւմ եք։

Ինձ թվում է, որ Ադրբեջանն այս ռազմական գործողություններից դասեր է քաղելու եւ քաղեց։ Քանի հազար զինվորներով հարձակվեց, գրեթե ամբողջ ռազմական արսենալը օգտագործեց եւ որեւէ հաջողության չհասավ, շատ չնչին, 20 տարի պատրաստվեց, բայց փոքրիկ երկու հատվածում առաջ անցան։ Եթե Ռուսաստանի ջանքերը չլինեին, իրենց վիճակը ավելի վատթար պիտի լիներ, եւ մենք պատրաստ էինք հակահարձակման, եւ իրենք հասկացան, որ այլեւս շատ դժվար է լինելու մեր սահմանը ճեղքելը։

25 տարի է անցել Արցախի անկախության հռչակումից. ի՞նչ ձեռքբերումներ ունենք եւ ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան։

Այսօր Արցախը ինքնաբավ պետություն է։ Արցախի անկախությունը այսօր մեզ համար բացարձակ արժեք է։ Որպես պետության տիպիկ մոդել կայացել է իր բոլոր ատրիբուտներով, նախագահական ինստիտուտով, կառավարման համակարգով, վաղ թե ուշ աշխարհը ճանաչելու է մեր ինքնորոշման իրավունքը, որովհետեւ աշխարհը հետդարձի ճանապարհ չունի։  Ինչպես Կոսովոն ճանաչեցին, ճիշտ է՝ Սերբիան չճանաչեց, բայց դա չի  խանգարում, որ այսօր Կոսովոն լիարժեք ՄԱԿ անդամ լինի, այնպես էլ  Արցախը շատ շուտով պիտի ճանաչվի միջազգային հանրության կողմից, որովհետեւ այլընտրանք չունի աշխարհը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ