Ամերիկահայ բանաստեղծ Փիթեր Բալաքյանին հանձնել են Պուլիցերյան մրցանակը։ Պոեզիա անվանակարգում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակը նրան շնորհվել էր «Օզոնային օրացույց» բանաստեղծական ժողովածուի համար։ Հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։
ԱՄՆ–ի ամենահայտնի եւ հեղինակավոր գրական–լրագրողական մրցանակը դափնեկիրներին հանձնել է ԲՈՒՀ–ի նախագահ Լի Բոլինջերը։
«Օզոնային օրացույց» պոեմների ժողովածուն կազմված է 54 կարճ պոեմներից, որոնցում հեղինակը մերթ տեղափոխվում է Սիրիայի անապատները, որտեղ ընթանում են Ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ 90-ականների Մանհեթեն, մերթ Նայրոբի եւ Նյու Մեքսիկոյի հնդկական գյուղեր։ Քննադատների գնահատմամբ՝ այդ ժողովածուի դինամիկ եւ զգայուն լեզուն հիշեցնում է վերքերի եւ վայրագությունների մասին, սակայն դրա հետ մեկտեղ հիշեցնում է սիրո գեղեցկությունը եւ ամրությունը չմոռանալու անհրաժեշտության մասին։
Փիթեր Բալաքյանը Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր է, նա բանաստեղծական ժողովածուների 7 եւ արձակ ստեղծագործությունների 4 գրքի հեղինակ է, որոնց թվում՝ «Վագրը կրակում. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի պատասխանը», ինչպես նաեւ «Ճակատագրի սեւ շունը», որոնք ԱՄՆ–ում բեսթսելերներ ե դարձել։