News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները քննարկվել են Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցած քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Քննարկման կազմակերպիչ Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս:

«Յուրաքանչյուր շնչին հասնող ոստիկանների թվով Հայաստանը գտնվում է աշխարհի առաջատարների շարքում, իսկ երկրի սուղ ֆինանսական միջոցների զգալի մասն ուղղվում է իշխանական համակարգի ամրապնդմանը»,-ասել է նա:

Վերլուծաբանի կարծիքով, արդյունքում Հայաստանում ստեղծվել է ամուր համակարգ, որի վերաբերմունքը ժողովրդավարության արժեքների նկատմամբ լուրջ հարցեր է առաջացնում. «Համակարգը դարձել է ավելի ինքնավստահ, այն ավելի կոշտ է արձագանքում քաղաքացիական բողոքներին, անհամաչափ ուժ կիրառում եւ մարդկանց դատապարտում տարիների ազատազրկման շինծու մեղադրանքներով»:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի փոխտնօրեն Ջեյն Բահանանն անդրադարձել է հուլիսի 29-ի եւ դրանից առաջ Հայաստանում անցնող բողոքներին: Իրավապաշտպանի խոսքով, հենց հուլիսի 29-ին նա Հայաստանում էր եւ անձամբ է հետեւել գործընթացներին. «Նույնիսկ չլինելով արտոնված, բողոքները խաղաղ էին եւ իրականում իշխանությունները պետք է հնարավորինս լայն զսպվածություն ցուցաբերեին: Եթե ցույցերի որեւէ մասը բռնի լիներ, հենց այդ մասը պետք է մեկուսացվեր համաչափ միջոցներով: Իսկ բուն խաղաղ բողոքը պետք է թույլ տային, որ շարունակվի»:

Բահանանի խոսքով, հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը որոշել էր լայնածավալ գործողություններ սկսել ցուցարարներիների նկատմամբ, չէր հնչել համապատասխան զգուշացում, չկային ստույգ նախազգուշացումներ, որ ոստիկանները պատրաստվում են ուժ կիրառել. «Այսպիսով, մեր տվյալները վկայում են, որ ոստիկանությունն անմիջապես սկսել է լուսաձայնային նռնակների կիրառումը: Այդ նռնակների պատճառով գրանցվել էին առաջին եւ երկրորդ կարգի այրվածքներ, լուրջ վնասվածքներ, իսկ մի դեպքում երիտասարդը կորցրել էր աչքը: Այսպիսով, ոստիկանության կողմից կիրառված միջոցները չափավոր սահմաններից դուրս էին»:

Լուսաձայնային նռնակները նետվել եւ կրակվել էին ուղղակիորեն մարդկանց վրա կամ նրանց առջեւ, որից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ գրոհ էր սկսել, մարդկանց ենթարկելով ծեծի եւ ձերբակալելով նրանց ծայրաստիճան բիրտ ձեւով, նշում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով, հատկանշական էր նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը. «Հուլիսի 29-ին գործողություններից առաջ ոստիկանությունը խնդրել էր լրագրողներին անցնել, նրանց խոսքով, առավել անվտանգ տարածք, սակայն իրականում հենց այդ տարածք առաջին հերթին էին լուսաձայնային նռնակներ ուղղվում: Լրագրողները ենթարկվել էին ծեծի, իսկ նրանց սարքավորումներն առգրավվել եւ ոչնչացվել էին: Ավելի ուշ մենք տեսանք, թե ինչպես նախագահը ներողություն հայցեց լրագրողներից, սակայն, սա անշուշտ բավարար չէ»:

Human Rights Watch-ի ներկայացուցչի խոսքով, անհամաչափ են նաեւ ցուցարարների առաջնորդների դեմ առաջադրված մեղադրանքները. «Բազմաթիվ քաղաքացիներ այժմ մեղադրվում են զանգվածային անկարգությունների համար, ինչը նախատեսում է մինչեւ 10 տարի ազատազրկում: Մեր կողմից հավաքված տվյալները վկայում են, որ չի եղել ոչինչ, ինչը կարող էր արդարացներ նման մեղադրանքները, քանի որ բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ էին»:

Անդրադառնալով ամառվա դեպքերին հետեւած Հայաստանի որոշ պաշտոնյաների հրաժարականներին, իրավապաշտպանն ընդգծել է. «Պետական այրերին աշխատանքից ազատելն ուղղակի տպավորություն է թողնում, որ իշխանությունն իրականում մի քանի անձանց ձեռքում է գտնվում, որոնք էլ կարող են որոշել, թե ովքեր են մնում իրենց պաշտոններում, իսկ ովքեր պետք է պաշտոնից հեռանան»:

Ամերիկայի իրավաբանների ընկերակցության ծրագրի ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանն իր կողմից կարեւորել է Հայաստանում իրավապաշտպան հաստատությունների զարգացումը. «Հայաստանում այնուամենայնիվ առկա են լավատես լինելու պատճառներ, քանի որ գոյություն ունեն տեղական մի շարք լուրջ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք առաջընթաց են գրանցում եւ միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ է աջակցել այդ կազմակերպություններին»:

Քննարկումը վարող Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի իրավագիտության դասախոս Սյուզան Քարամյանն առաջարկել է Հայաստանի խնդիրները դիտարկել նաեւ աշխարհաքաղաքական համատեքստում. «Արդյոք մենք նույն իրավիճակում կլինեի՞նք, եթե չլիներ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը»:

Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի տնօրեն Միրիամ Լանսքոյը նշել է, որ Հայաստանի համար միշտ բարդ է եղել միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ. «Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության առումով, սակայն, ես Հայաստանում էի ապրիլին եւ կարող էի տեսնել, ինչպես է փոխվել Հայաստանում Ռուսաստանի ընկալումը, որն իր մեջ այժմ հսկայական հիասթափություն է ներառում, քանի որ Հայաստանը կտրուկ հրաժարվել էր Եվրամիության հետ համաձայնագրից՝ փոխարենը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, այս տարվա գարնան իրադարձությունների ընթացքում Հայաստանը չզգաց Ռուսաստանի աջակցությունը, ընդհակառակը, Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ այդ դավաճանված լինելու զգացումը ու հետագա ճանապարհի անորոշությունը իրոք զգացվում է Հայաստանում»:

Լանսքոյի խոսքով, ստեղծված իրավիճակում հայ հասարակությունն իշխանություններից ակնկալում է ավելի լուրջ փոփոխություններ եւ կոռուպցիայի դեմ իրական պայքար: Ինչ վերաբերում է հաջորդ տարի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա վերլուծաբանի կարծիքով, Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին՝ հետեւելով ընտրություններին որպես դիտորդներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ