News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյաններին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ոստիկանները կրկին եկել էին հանելու այն տարածքից, որտեղ նրանք ժամանակավորապես ապրում են իրենց տունը կորցնելուց հետո: Շահբազյանները երեք անչափահաս երեխա ունեն, որոնցից մեկը Երեւանյան հիվանդությամբ է տառապում, իսկ ընտանիքի 35-ամյա մայրը հղի է: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Կամո Շահբազյանը նշեց, որ վաշխառուի պատճառով տունը կորցնելուց հետո ընտանիքի հետ գնալու տեղ չունեն, այս պահին էլ ժամանակավորապես ապրում են հանրակացարանի նկուղում, որի սեփականատերը պահանջում է դուրս գալ այդտեղից: Կամոյի խոսքով՝ ոստիկաններն արդեն երրորդ անգամ են փորձում իրենց տարածքից հեռացնել, որի հետեւանքով երեք անչափահաս երեխաները վախեցել են, իսկ հղի կնոջ առողջական վիճակը սթրեսից վատացել է եւ նա տեղափոխվել հիվանդանոց: Ընտանիքի հայրը իշխանություններից խնդրում է՝ մի փոքր տարածք տրամադրել՝ երեք անչափահասների եւ հղի կնոջ հետ ապրելու համար:

«Մշտական հասցե չունենալու պատճառով անգամ նպաստից են զրկել, որ գոնե ինչ-որ վարձով տարածք վերցնենք, ապրենք: Ես էս վիճակով ի՞նչ եմ անելու, ու՞ր եմ գնալու երեխաներիս հետ, որ եկել այս անձրեւին ու ցրտին հանում են մեզ»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցում էլ ոստիկանները, որոնք եկել էին ընտանիքին տարածքից հեռացնելու, նշեցին, որ քանի որ ընտանիքի մայրը հղի է, հիվանդանոցից համապտասխան փաստաթուղթ ստանալուց հետո միայն ընտանիքին տարածքից չեն հեռացնի:

Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում բնակվող Շահբազյանների 5 հոգանոց ընտանիքին սեպտեմբերի 29-ին կրկին փորձել էին բռնի ուժով դուրս հանել տարածքից, որի հետեւանքով Երեւանյանի հիվանդությամբ տառապող 10-ամյա Սարգիսը վախեցել էր:

Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:

 

Տպել
Ամենաշատ