News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեսակցել է նրան: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ Կարո Եղնուկյանի հետ հաղորդակցվելը շատ դժվար, գրեթե անհնար է դարձել, քանի որ նա վատ ինքնազգացողության պատճառով  շատ թույլ է զգում, դանդաղ է մտածում եւ չի կարողանում նորմալ խոսել:

«Քիչ առաջ եմ նրա մոտից եկել, նրա հետ հարցերի քննարկումը գրեթե անհնարին է դարձել, եթե մենք նախկինում մի բանը քննարկում էինք 10 րոպեում, հիմա գրեթե հնարավոր չի քննարկել, որովհետև թույլ է, ճնշումը ցածր է, չի կարողանում նորմալ հաղորդակցվել: Հարազատները խնդրել են, որ դադարեցնի հացադուլը, փոխանցել եմ ես, բժիշկներն էլ են հորդորել չշարունակել», - ասաց փաստաբանը։

Նշենք, որ Կարո Եղնուկյանն առողջական խնդիրներ ունի, նա մշտապես դեղեր եւ վիտամիններ է օգտագործել, իսկ հացադուլը սկսելուց հետո դրանք չօգտագործելու արդյուքնում վիճակը կտրուկ վատացել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արդեն 13-րդ օրը հացադուլ անող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում, խոսում է մեծ դժվարությամբ։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-218 հոդվածի (պատանդ վերցնելուն օժանդակելը) եւ  ՀՀ  ՔՕ 38-219 հոդվածի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ