News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյանները, որոնք ժամանակավորապես բնակվում են Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում, ընտանիքի հղի մոր՝ վատառողջ լինելն հաստատող փաստաթուղթ պետք է ներկայացնեն ոստիկանությանը, որպեսզի ընտանիքին տարածքից չհեռացնեն: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Կամո Շահբազյանը, նշեց, որ իր կինը հղիության երկրորդ ամսում է, վատառողջ վիճակում է, որն առաջացել է սթրեսից՝ տան հետ կապված խնդիրների պատճառով. «Մոտը վիժման վտանգ կա, մի քանի օր հիվանդանոցում է մնացել, բայց քանի որ Երեւանյան հիվանդությամբ տառապող տղաս վատ էր  զգում ու խնամող չկար, հիվանդանոցից վերցրել, բերել եմ, որ նրան խնամի: Հիմա կինս այդ վիճակում է, երեխաս էլ հիվանդ, եկել ասում են՝ դուրս եկեք: Մեզ դուրս հանել ցանկացող ոստիկանները գնացին՝ պայմանով, որ կնոջս վատառող լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնենք»:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 19-ին, ոստիկանները կրկին փորձել են տունը կորցրած, երեք անչափահաս երեխաներ ունեցող Շահբազյաններին հեռացնել այն տարածքից, որտեղ ընտանիքը ժամանակավորապես ապրում է:

Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում բնակվող Շահբազյանների 5 հոգանոց ընտանիքին սեպտեմբերի 29-ին կրկին փորձել էին բռնի ուժով դուրս հանել տարածքից, որի հետեւանքով Երեւանյանի հիվանդությամբ տառապող 10-ամյա Սարգիսը վախեցել էր:

Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:

Տպել
Ամենաշատ