News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բառադիության հասնող մեր արխային լինելը բերելու էր անդառնալի սխալների: Այս մասին, այսօր՝ն հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՅՀԴ խմբայկցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա իր խոսքն սկսեց նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած հարցով. «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»:

«Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից այն կողմ քաղաքական, տնտեսական փլուզումն է, պետականության հիմքերի խարխլումը, մրցունակ ազգերի ընթացքից դուրս շպրտվելը:

Այլ տարբերակը, իշխանության անկարողության պայմաններում, մարդկանց անտարբերության, հուսահատության, վաղվա հանդեպ հավատ չունենալու, ընդհանուր անվստահության, անհանդուրժողության խորացումն է, ազգային, հոգեւոր, բարոյական արժեքների կորուստը, հազարամյակներով ձեւավորված մեր բացառիկ տեսակի՝ հայկականության քայքայումը:

Ու հիմա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլ տարբերակ գոյություն չունի: Որովհետեւ բառադիության հասնող մեր արխային լինելը, «բոլորը մեղավոր են, ինձանից բացի», «ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած», քանի դանակը ոսկորին չի հասել, տեղից չշարժվելու մտայնությունը մեզ բերելու էր մի կետի, որից հետդարձն այլեւս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել»,-նշել է նա:

Աղվան Վարդանյանի խոսքով, հիմա նոր սկիզբ դնելու, հանրության մեջ նոր արյուն ներարկելու, որակական, արմատական փոփոխություններ կատարելու փորձի, ջանքի, կամքի թերեւս վերջին հնարավորությունն է, որ պարտադրված ենք անել:

«Եվ այսօր այլ տարբերակի հիմք է դառնում նոր կառավարության այս ծրագիրը:

Ոչ թե ինքնախաբեություն, ոչ թե գեղեցիկ խոսքեր, ոչ թե յոլա գնալով իշխանություն պահելու մտասեւեռում, ոչ թե քաղաքական խարդավանքներ, այլ՝ ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական, մեր հանրային-պետական-տնտեսական կյանքի շիտակ ախտորոշում, դրանից բխող առկա խնդիրների ճշգրիտ ձեւակերպում, ներքին ու արտաքին սպառնալից մարտահրավերներին համարժեք, համարձակ ու հավակնոտ, մեկ բառով՝ գործնական ծրագիր:

Արդեն ասել ենք՝ մենք տեսնում ենք երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, արմատական փոփոխություններ իրականացնելու կամք, վճռականություն, էներգիա: Եվ բնականաբար այս ծրագիրը ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը:

Սա այն է, ինչ տարիներ շարունակ մենք ասել ու պահանջել ենք, բայց ուժներս չի պատել պարտադրել: Այլ տարբերակ չունենալու սահմանագիծը այսօր շատերին է բերել նույն համոզման:

Ծրագիր-նպատակադրումը կա, բայց այն դեռ պետք է իրագործել: Կացությունը պետք է շրջել, կարծրատիպերը պետք է ջարդել, թարմ, անկախության սերնդի արյուն պիտի բերել, որ էպոսի բարակ-սրընթաց ջրի պես կճեղքի թանձր անտարբերության դանդաղ հոգեվարքի գետը:

Մեզ դժվար ժամանակներ են սպասում: Առաջիկա ամիսներին ֆինանսական միջոցների էական սղություն, պետական համակարգի՝ լճացած վիճակից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն, ստվերին, կոռուպցիային, արտոնյալ վիճակին սովոր անձերի ու խմբերի դիմադրություն:

Բայց անհնարը հնարավոր է դառնում, եթե երկրում կա մարդկանց կրիտիկական զանգված, որ գիտակցում է այլ ելք չունենալու կործանարարությունը եւ վճռականորեն կանգնում է կացությունը շրջելու դիրքերում: Այսօր այդպիսի՝ մասնակից, պատասխանատու, առաքելություն ունեցող հարյուր մարդն էլ բավարար է: Պայմանով, որ վաղը հազար դառնա»,-ընդգծել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ