News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաեւ սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի բուժանձնակազմին մարդասիրական կարեւոր առաքելության եւ կատարվող աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր ծրագրում մեծ տեղ է հատկացրել առողջապահության ոլորտի բարեփոխումներին՝ նպատակ ունենալով կառավարման նոր մշակույթ ձեւավորել համակարգում, եւ այս առումով ողջունելի է ցանկացած դրական փորձ:

Կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ մանրամասներ ներկայացրել 2016 թ. հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ համայնքներում բժշկական հաստատությունների կայացմանը, բուժանձնակազմերի միջեւ փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի նախագահն արդյունավետ է գնահատել ծավալված համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել եւ ընդլայնել գործընկերությունը:

Հանդիպմանն արծարծվել են Հայաստանում առողջապահական համակարգի մրցունակության բարձրացմանը, բժշկական մենեջմենթի որակի բարելավմանը, հանրային առողջապահությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, կադրերի վերապատրաստմանը,  սփյուռքահայության ներուժի լիարժեք իրացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ հանձնարարել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին՝ համատեղ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ