News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողական բարեգործական միկրոավտոբուսը հոկտեմբերի 18-ին ողբերգական վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով նույն գյուղի ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել էր, իսկ մյուս ուսանողները` տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Անվճար միկրոավտոբուսի գաղափարը վարսերցի գործարար Հուսիկ Սեդրակյանինն էր, որն իր թեկնածությունն էր առաջադրել համայնքի ղեկավարի ընտրություններում: Ըստ Սեդրակյանի շրջապատի` նա պարզապես ցանկանում էր գյուղի համար լավ բան անել, սակայն հակառակը տեղի ունեցավ: Միկրոավտոբուսի ծախսերի հոգալու համար ամսական որոշակի գումար նաեւ պետք է Ռուսաստանում բնակվող վարսերցիները տրամադրեին: Գյուղում խոսում են, որ նույնիսկ մեքենան են նրանք գնել եւ ուղարկել վարսերցի Գագիկ Ստեփանյանին, այն նույն վարորդին, որն էլ հոկտեմբերի 18-ին վթարի էր ենթարկվել: Ստեփանյանի հարազատները, սակայն, այս տեղեկությունը հերքում են. որդին պնդում է` իրենց հավաքած գումարով են գնել միկրոավտոբուսը:

«Հուսիկ Սեդրակյանն ու ընկերներն ուզում էին լավ գործ անել, ուսանողներին օգնել, որ հեշտ գնան դասերի, հետ գան: Միակ նպատակը դա էր, որ վարսերցիներին օգնեն»,- մեզ հետ զրույցում ասել էր Սեդրակյանի մտերիմներից մեկը` խնդրելով իր անունը չհրապարակել:

Մեր թղթակիցն անձամբ եղել է Վարսերում, զրուցել գյուղացիների հետ` հասկանալու համար, թե ինչ նշանակություն ուներ անվճար միկրոավտոբուսը վարսերցիների համար: Պարզվում է, որ գյուղն իր երթուղային ավտոբուսը չունի մինչեւ Երեւան: Ամեն առավոտ ուսանողներից շատերը ստիպված ոտքով հասնում են մինչեւ Սեւան- Երեւան մայրուղի, այնտեղից էլ պատահական մեքենաներով մայրաքաղաք, կամ էլ օգտվում են հանրային տրանսպորտից, որը մինչեւ Վարսեր հասնելը` հավաքում է Սեւանի այլ թաղամասերի ուսանողների եւ երբ Վարսեր է հասնում, արդեն լիքն է լինում. Ուսանողները ստիպված են լինում 75 կմ կանգնած հասնել Երեւան: Վարսերի գյուղապետարանից հերքում են հանրային տրանսպորտի հետ կապված գյուղացիների մատնանշած խնդիրները` պնդելով, թե վճարովի ավտոբուսը ձեռնտու է գյուղացիներին եւ որեւէ մեկը մայրաքաղաք հասնելու հետ կապված որեւէ խնդիր չունի:

Ի դեպ, հանրային տրանսպորտը խնդիր է Հանրապետության գրեթե բոլոր գյուղերում եւ քաղաքներում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Տպել
Ամենաշատ