News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել։

«Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ իշխանությունների միջեւ 2016թ.-ի մարտից ծավալված 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի հինգ խմբակցությունները եւ իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Համաձայնագրի հիման վրա 2016թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում, որով նախատեսվում է, մասնավորապես.

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակում, ինչը Հայաստանի ընդդիմության վերջին 15 տարիների գլխավոր պահանջն էր՝ կրկնաքվեարկությունները եւ հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիների փոխարեն «քվեարկությունները» բացառելու նպատակով,

- ընտրական տեղամասերում քվեարկության եւ դրա արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում,

- այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների քննարկում՝ հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, որով բողոքների տվյալները հերքելու բեռը դրվում է ընտրական հանձնաժողովների վրա,

- ընտրակեղծարարության համար սահմանված պատժաչափերի էական խստացում, մասնավորապես,  կրկնաքվեարկություններ կատարողների եւ ընտրացուցակներում կեղծ ստորագրություններ դնողների համար նախկինում կիրառվող տուգանքների վերացում եւ միայն ազատազրկման նախատեսում՝ 2-5 տարի ժամկետով:

Քաղաքական ուժերի միջեւ կնքված Համաձայնագրով նախատեսված կարգով, առաջիկայում նաեւ՝

- դոնոր կազմակերպությունների (միջազգային կառույցների) միջոցով աուդիտի կենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը,

- տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով, որում իշխանությունը չի ունենա մեծամասնություն:

Սահմանված է նաեւ, որ Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսված կարգով ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Թեեւ տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, եւ ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենեւին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ «քվեներով» հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը:

Հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ առկա է համընդհանուր անվստահություն, ինչի վառ ապացույցը 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են լուրջ եւ հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձեւավորման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

Նկատի ունենալով վերը նշվածը, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը եւ որոշում է՝

1. Կուսակցության տարածքային կառույցները վերածել ընտրական գործընթացը նախապատրաստող շտաբների, որոնց կառուցվածքն ու գործառույթները կսահմանվեն առաջիկայում:

2. Տարածքային շտաբների գործունեությունը համակարգելու, համայնքներում համակիրների եւ աջակիցների խմբեր ձեւավորելու, տեղական քաղաքական միավորումների եւ հասարակական գործիչների հետ համագործակցություն կառուցելու, կուսակցության ընտրական ցուցակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, բոլոր մարզերում եւ տարածքներում նշանակել Կոնգրեսի վարչության լիազոր-ներկայացուցիչներ:

3. Մեկշաբաթյա ժամկետում ձեւավորել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների համակարգման կենտրոնական գրասենյակի աշխատանքային խումբ:

4. Հանձնարարել կուսակցության հանձնաժողովներին՝ սկսելու քննարկումները եւ առաջարկությունների ներկայացումը Կոնգրեսի նախընտրական ծրագրի եւ ընտրական գործընթացի նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ:

 Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017թ.-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձեւավորվելու Հայաստանի իշխանությունը, եւ ըստ այդմ այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, Հայ Ազգային Կոնգրեսը նաեւ հայտարարում է՝

ա) 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը,

բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու եւ լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների եւ անհատների հետ,

գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որեւէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության եւ երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ