News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սկանդալային հայտարարության, ԼՂՀ հակամարտության կարգավորման համատեքստում նոր կառավարությունից ակնկալիքների եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյան, խնդրում եմ՝ ամփոփեք Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը. ի՞նչ արդյունքներով հայկական կողմը դուրս եկավ այդ հանդիպումից:

Դժվարանում եմ ասել, թե ինչ էին ակնկալում գագաթաժողովի մասնակիցները, թերևս դա հերթական հանդիպում էր, որ հատուկ հագեցվածություն չուներ։ Ինձ համար, թերևս, առավել հետաքրքիր էր երեք հարց՝ արդյոք Արցախի հարցով որևէ խնդիր կարծարծվի, արդյոք կլինի նոր գլխավոր քարտուղարի նշանակում, որը ենթադրվում էր, որ պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը, և երրորդ խնդիրը, որ ավելի տարածաշրջանային, քաղաքական բնույթ ուներ, այն էր, թե արդյոք օրակարգում կներառվեն ներկայումս Ռուսաստան-Արևմուտք խորացող դիմակայության հետ կապված ռազմական կարգի խնդիրներ։

Ըստ էության, վերջին հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ հայտարարություն չհնչեց։ Արցախի խնդրի առնչությամբ բավական չեզոք հայտարարություն էր, որ պատրաստվեց․ պարզապես անդամ պետությունների կողմից հավաստվեց, որ իրենք շարունակելու են մասնակցել, թե Մինսկի խմբի գործողություններին, թե այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունվեցին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ։ Մեծ հաշվով՝ ես կարծում եմ, որ առայժմ Արցախի հետ կապված գործընթացը մնում է հին տրամաբանության շրջանակում, ինչը մեզ համար բացասական է, և ՀԱՊԿ-ի կողմից արված հայտարարությունը ևս այդ հին տրամաբանության դրսևորումներից մեկն էր, որը հանգում է նրան, որ հարցը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Վերջինիս կիրառման հետևողական ջանքերը, թերևս, որոշակիորեն հանգեցրին ապրիլյան քառօրյա պատերազմի սկզբնավորմանը և այսօր ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է, և կարող է աճել, եթե հայկական կողմերը նոր մոտեցումներ չմշակեն և չներդնեն շրջանառության մեջ, չառաջարկեն թե միջնորդներին, թե ադրբեջանցի գործընկերներին, որովհետև հին մոտեցումները լուծումներ, ըստ էության, չեն պարունակում, իսկ պատերազմի վտանգը աճում է։

Եվ ի վերջո անդրադառնալով նրան, թե ինչ ճակատագիր ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի  խնդիրը, տեսանք, որ մարդ չնշանակվեց Հայաստանից, հարցը հետաձգվեց։ Ըստ էության, կարելի է ասել, որ այս հանդիպման միակ առարկայական արդյունքն այն էր, որ կազմակերպության նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Բելառուսին։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը:

Այստեղ մենք թերևս պետք է կապենք մի քանի խնդիրներ կամ դիպվածներ, որոնք տեղի ունեցան վերջերս։ Անշուշտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը այսօր ընթանում է քառօրյա պատերազմի քաղաքական հետևանքների, տարածքային կորուստների հետևանքների համատեքստում։ Տեսնում ենք, որ մի կողմից մադրիդյան սկզբունքները ասում են այն մասին, որ կարգավորման բաղադրյալներից մեկը պետք է լինի տարածքների վերադարձը կամ հանձնումը Ադրբեջանին։ Նույն պնդումը պարունակել են կազանյան մոտեցումը, որոնք մշակվել են հենց Ռուսաստանի կողմից, և բոլորովին վերջերս Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունների դուռը կբացվի այն ժամանակ, երբ առաջընթաց կգրանցվի Արցախի հակամարտության կարգավորման գործում և այդ առաջընթացը պետք է լինի առնվազն հինգ շրջանների Ադրբեջանին հանձնելու տեսքով։ Երբ պարոն Լավրովը խոսում է այն բանի մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում գրանցվող առաջընթացի հետ, ըստ էության, կրկին խոսքը տարածքային զիջումների մասին է, և փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանը կքաջալերեր հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը Արցախում հայկական կողմերի տարածք հանձնելու պատրաստակամության դրսևորման դեպքում։ Այսինքն՝ մեծ հաշվով շրջանը փակվում է թե Թուրքիայի կողմից, թե Ռուսաստանի կողմից, թե Մինսկի խմբի համանախագահության կողմից նույն ուղերձն է հղվում Արցախին և Հայաստանին, որը փաստացի տարածք հանձնելու կոչ է պարունակում։

Ճիշտ է՝ այստեղ պայմանների որոշակի տարբերություն կա. Եթե Միացյալ Նահագները, Ֆրանսիան խոսում են այն մասին, որ Արցախը պետք է նոր կարգավիճակ ունենա, և այդ կարգավիճակը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ապա Ռուսաստանը վերջերս ավելի շատ խոսում է միջանկյալ, ինչ-որ անորոշ կարգավիճակի մասին, որը կարող է ցանկացած բան ենթադրել։

Այսօր Ալիևի հայտարարությունն այն մասին, որ իրենք հաջողություն կհամարեն, որ իրենց վերադարձվեն նախկին ԼՂԻՄի շուրջ եղած տարածքները, որ այսօր վերահսկվում են Ստեփանակերտի կողմից, և այդ հաջողությանը հասնելու դեպքում Ադրբեջանը կտրամադրի Արցախին որոշակի աստիճանի ինքնավարություն, անգամ ինքնավար հանրապետության կարգավիճակ, կրկին խոսում է տարածքների հանձնման մասին:

Կարգավիճակի խնդիրին անորոշ է, հայկական կողմի քաղաքական որոշումները լղոզված են և թույլ են տալիս, որպեսզի թե բանակցային սեղանի շուրջ, թե տարբեր միջազգային հարթակներում խոսվի այն մասին, որ Հայաստանը ագրեսոր պետություն է, և զավթել է Ադրբեջանի տարածքի զգալի մասը և դա, ըստ իս, անընդունելի է։

Մենք հնարավորություն ունենք իրավիճակը շտկելու և փոխելու, մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացը նոր մոտեցումներով հագեցնելու համար և պարտավոր ենք դա անել։ Սա անշուշտ գործող իշխանության խնդիրն է և այս առաջարկը ես հենց գործող իշխանությանն էլ հղում եմ։

Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Արցախյան հիմնախնդիրն ունի՞ բանակցային ճանապարհով լուծման ներուժ:

Միանշանակորեն։ Բայց դրա համար հայկական կողմերը պետք է լրջորեն աշխատեն:Ընդ որում Արցախն իր դերն ունի, ՀՀ-ն իր դերն ունի, բայց նրանց գործողություններն ու քայլերը պետք է փոխհամաձայնեցված լինեն, տրամաբանորեն շաղկապված լինեն և, ամենակարևորը, մենք պետք է կարողանանք նախապատրաստել և ներկայացնել միջնորդներին և ադրբեջանական կողմին այնպիսի մոտեցումներ, որոնք և՛ համահունչ լինեն միջազգային իրավունքներին, և՛ չհակասեն մեր արմատական շահերին, և միևնույն ժամանակ ապահովեն արժանապատիվ խաղաղության հեռանկարը թե մեզ համար, թե Ադրբեջանի համար։ Իսկ դրա հնարավորությունը կա։

Իսկ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, արդյո՞ք կկարողանա առաջ քաշել նման մոտեցումներ:

Դա Հայաստանի իշխանությունների պահվածքի արդյունք է, և ես վստահ եմ, որ եթե համապատասխան քաղաքական կամքը դրսևորվի, մենք կկարողանանք համոզիչ փաստարկներ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր այսօր կարծես թե հակված չեն լուրջ դիտարկել մեր շահերը։ Այս հնարավորությունները կան, սա իրական քաղաքականություն է, և պետք է սովորել այդ քաղաքականությունը վարել։ Ընդ որում, այո, լինում են և ռիսկեր, բայց այդ ռիսկերն էլ են հաշվարկելի, և այդ ռիսկերն էլ հնարավոր է ապահովագրել, բայց դրա համար տեղից շարժվել է պետք։

Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով՝ նոր ձևավորված կառավարությունը կկարողանա՞ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները:

Վաղ է այդ մասին խոսել, որովհետև ինքնին պաշտոնանկությունները որևէ բանի վկայություն չեն։ Խնդիրը նրա մեջ չէ, թե ովքեր են փոխվել, խնդիրը նրա մեջ է, թե ինչի համար են փոխվել։ Նորանշանակ վարչապետը բավական լուրջ հայտ ներկայացրեց համակարգային փոփոխություններ իրականացնելու մասով, դրա համար տրված է առնվազն վեց ամիս ժամանակ։ Բայց ակնհայտ է նաև, որ իր թիվ մեկ խնդիրն այսօր պետական բյուջեի ծախսերի կտրուկ կրճատումն է և նոր աշխատանքային մթնոլորտի ձևավորումը՝ այնպիսի մթնոլորտի, որ աշխատողը գնահատվելու է ոչ թե իր ազգակցական կապերի առկայությամբ կամ բացակայության հիման վրա, այլ գործնական որակների հիման վրա, բայց դրանք բոլորը առայժմ խոսքեր են, ես պետք է դեռ տեսնեմ դրանց առարկայական իրականացումը:

Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև հետևյալը՝ արդյոք պարոն Կարապետյանը այս ծրագիրը ներկայացնելուց հետո, ներկայացնելով ավելի երկարաժամկետ ռազմավարական ծրագիր կմնա վարչապետի պաշտոնում ապրիլյան ընտրություններից հետո։ Եթե չի մնալու՝ ուրեմն այս ամենը աչքակապություն է, իսկ եթե մնալու է, ապա մենք դրա երաշխիքները պետք է տեսնենք նախապես, որպեսզի հասկանանք, որ այդ մարդուն բերել են գործող իշխանության ընթացիկ պրոբլեմները լուծելու համար, թե բերել են իսկականից երկրում արմատապես իրավիճակը փոխելու համար։ Գուցե նա եկել է երկրորդի համար՝ փոխելու համար, բայց քանի որ նա դեռ քաղաքական պատասխանատվություն չի կարող ստանձնել և այդ պատասխանատվությունն ընկած է իշխող կոալիցիայի վրա, ապա եթե նա մնալու է՝ այդ քաղաքական պատասխանատվությունն էլ պետք է ստանձնի․ դրա առարկայական դրսևորումը մենք պետք է տեսնենք մինչև ապրիլյան ընտրություննեը։

Ինչպե՞ս եք գնահատում Պաշտպանության նախարարությունում արված փոփոխությունները:

Դա թերևս ամենածանր հարցերից մեկն է։ Մեծ հաշվով քաղաքացիական անձին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը որոշակի առումով համահունչ է այս գերատեսչության արևմտյան տեսլականին։ Միևնույն ժամանակ, ես չգիտեմ արդյոք ՀԱՊԿ-ի կազմում կա որևէ անդամ պետություն, որի պաշտպանության գերատեսչության նախարարը քաղաքացիական անձ է։ Այնտեղ որքան հասկանում եմ բոլորն էլ զինվորականներ են, կադրային զինվորականներ, որոնք երկար ճանապարհ են անցել և հենց ՀԱՊԿ-ի շրջանակում մեր նորանշանակ նախարարի հանդեպ կարող է լինել շատ որոշակի վերապահումով վերաբերմունք, այսինքն զինվորականները այդ պաշտոնում նշանակված քաղաքացիական անձին կարող են ոչ լիարժեք գործընկեր դիտարկել։ Իսկ քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի անդամ պետություն ենք, ռազմական ոլորտը այդ առումով ընդհանուր ինտեգրված տարածքի մասն է ՀԱՊԿ-ի մասով։ Չգիտեմ՝ որքանով է հաշվարկը ճիշտ եղել, երբ պարոն Սարգսյանի նշանակման մասին որոշում կայացվեց։ Գուցե կան առավելություններ ևս, բայց դա ինքը պետք է իր աշխատանքով ցույց տա և ապացուցի, որ այդ նշանակումն իրավացիորեն է արված։ Ամեն դեպքում մենք պետք է հստակ տեսնենք։

Վարչապետը տնտեսական բլոկով կարծես առանձնացված է հիմնական քաղաքական և արտաքին քաղաքական նշանակություն ունեցող երկու գերատեսչություններից, այսինքն ԱԳՆ և ՊՆ-ը այդ տեսանկյունից, որքան ես եմ հասկանում, վարչապետի պատասխանատվության գոտուց դուրս է, իսկ դա նշանակում է, որ միասնական ծրագիր կազմելը նրա համար բարդ կլինի։ Դրա համար եմ ասում՝ նա պետք է կարողանա ստանձնել ընդհանուր քաղաքական պատասխանատվությունը ողջ գործունեության նկատմամբ, այդ թվում նաև պաշտպանության և արտաքին գործերի ոլորտների նկատմամբ։ Առանց դրա տնտեսական բարեփոխումների ծրագրերը լուրջ արդյունք տալ չեն կարող։

Տպել
Ամենաշատ