News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քաղաքական ուժերն ակտիվորեն քննարկում են գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Հաշվի առնելով սպասվող ուժգին մրցակցությունը  միասնական դաշինքով մասնակցելու անհրաժեշտությունը բացի նորաստեղծ կուսակցություններից քննարկում են նաեւ փորձառու քաղաքական ուժերը:  Ընդդիմադիր  Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածած իր հայտարարության մեջ մատնանաշել էր` 2017-ին ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր  են դրել ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորել եւ ժողովրդավարության հաստատել: Որ դեպքում կարող են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին միավորվել, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյան,  ԲՀԿ-ն պատրա՞ստ է քննարկել ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցը:

Ես հիմա անկեղծ չեմ լինի, եթե վստահաբար ասեմ, որ այդ կոնսուլտացիաները կբերեն նրան, որ մենք միասնական քաղաքական օրակարգ կարող ենք ձեւավորել: Գուցե պետք է գնալ փոքր քայլերի մարտավարությամբ: Մենք ասում ենք` եկեք մեծ համախմբման օրակարգ մեր առջեւ չդնենք, եկեք մինչեւ ընտրությունները ձեւավորենք միասնական համակարգող մի խումբ ոչ իշխանական քաղաքական ուժերից եւ քաղաքացիական հասարակությունից, որոնք իրենց վրա կվերցնեն պետռեգիստրի ֆունկցիան եւ տեսնենք`ովքեր են Հայաստանից բացակայում, դա կլինի կոնկրետ գործ: Իսկ միասնական դաշինքով գնալ ընտրությունների, ես ուզում եմ լինել անկեղծ, ես իրատեսական չեմ համարում: Նախ` կան քաղաքական ուժեր, որոնց հետ «Բարգավաճ Հայաստանn» ուղղակի բացառում է որեւէ քննարկում, մենք չենք պատրաստվում այդ բալաստը մեր վզին բերել խորհրդարան: Ես հասկանում եմ, որ կան ոչ իշխանական քաղաքական ուժեր, որոնց հույսը դաշինքն է, որովհետեւ իրենք գիտեն, որ առանց դաշինքի իրենք չեն հաղթահարելու անհրաժեշտ շեմը, իսկ մենք նման խնդիր չունենք:

Կոնգրեսի՞ն եք ակնարկում:

Էս դեպքում ՀԱԿ-ին չեմ ակնարկում, որովհետեւ ՀԱԿ-ի դեպքում տեսնում եմ, որ ճիշտ եւ գրագետ աշխատանքի դեպքում անհրաժեշտ շեմը կարող են հաղթահարել: Հաստատ ՀԱԿ-ին չեմ ակնարկում: Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` «Բարգավաճ Հայաստանն» առանց դաշինքի կարող է իր համար նախանշած շեմը հաղթահարել… Կան կուսակցություններ, ովքեր պրոբլեմ ունեն տարածքային կառույցների, կազմակերպչական,  ֆինանսական ու մարդկային ռեսուրսների հետ կապված: Հիմա ո՞րն է էդ կուսակցությունների հույսը. միակ հույսը դաշինքն է, որպեսզի կարողանան այլ քաղաքական ուժի վերոթվագրյալ ռեսուրսների հաշվին մի քանի հոգու համար խորհրդարանի մուտքի արտոնագիիր ստանան:

Միգուցե Ձեր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունի, բայց Կոնգրեսը ոչ թե խորհրդարան մտնելու  առումով է կարեւորում միասնական դաշինքը, այլ միասնական դաշինքով  ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու: Այս գաղափարի շուրջ համախմբվելուն ինչպե՞ս եք վերաբերում:

Եթե խնդիր է դրվում ոչ թե ուրիշի հաշվին հաղթահարել անհրաժեշտ շեմը եւ մեկ-երկու հոգի իրենց ցուցակներից ունենալ այդ դաշինքների կազմում, եթե իսկապես առավել գլոբալ խնդիր է դրվում միավորվել, որ իշխանությունը չունենա հնարավորություն վերարտադրվելու, սա արդեն մեկ այլ խնդիր է: Այո, այս դեպքում պետք է լինի տեսանելի քաղաքական օրակարգ:

Ցավոք, այն քաղաքական ուժերը, որոնք առաջարկում են կոնսոլիդացիա, տեսնում եմ մտավախություն, որ առանձին չունեն նվազագույն շեմը հաղթահարելու ռեսուրս եւ իրենց պետք է առավել կայուն ռեսուրս ունեցող քաղաքական  ոչ իշխանական ուժերի հետ միավորվելով ապահովել իրենց մի քանի թեկնածուի խորհրդարան մտնելու հարցը: Դա ազնիվ օրակարգ չէ…

Իսկ Ծառուկյանի վերադարձը կարո՞ղ է այս հարցում բեկում մտցնել:

Իհարկե, կարող է, ես ամեն օր էլ ասում եմ` Ծառուկյանը կարող է լինել այն մերանը քաղաքական դաշտում, որ կարող է համախմբել բազմաթիվ ոչ իշխանական քաղաքական ուժերին եւ հանրությանը: Նախորդ փորձն արդեն ցույց տվել է: Այն, որ Ծառուկյանը լուծեց համախմբողի խնդիրը, ոչ մի քաղաքական գործիչ կամ ուժ չկարողացավ լուծել եւ չի կարողանալու:

Տպել
Ամենաշատ