News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարությունն առաջարկում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց դեռեւս 6 ամիս առաջ: Այս մասին ԱԺ ամբիոնից «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով, օրենքի փոփոխությամբ առաջարկվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց մասնագիտական ուսուցման իրավունքի ու դրա իրացման համար նոր մեխանիզմներ ամրագրել. «Ազատվելուց 6 ամիս առաջ օրենքի ուժով մենք առաջարկում ենք, որ դատապարտյալը դառնա զբաղվածության կենտրոնի շահառու: Անձը իրավունք ունի վեց ամիս առաջ տեղեկանալ ծրագրերի մասին, որպեսզի քրեակատարողական հիմնարկի ներսում որոշակի արհեստ սովորի, գիտելիքներ ձեռք բերի՝ համակարգչային, լեզվական: Իսկ անձինք, ովքեր դատապարտվել են տուգանքի, հանրային աշխատանքի, նրանք գործազուրկ չեն համարվում: Բայց մենք վերացնում ենք նաեւ այս բացը, ու նրանց էլ տալիս ենք հնարավորություն օգտվել աշխատանքի տեղավորման արտոնություններից»:

Նրա խոսքով, այս փոփոխության նպատակն այն է, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո դատապարտյալը աշխատանք ունենա, ինտեգրվի հանրությանը, նվազի երկրորդ անգամ հանցագործությունը կատարելու ռիսկը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ի՞նչ գումարներ են ծախսվելու ծրագրի իրականացման համար, ովքե՞ր են ուսուցանելու դատապարտյալներին ՔԿՀ-ներում եւ կա՞ վիճակագրություն, թե ազատության մեջ հայտնված դատապարտյալների քանի տոկոսն է հետագայում աշխատանքի անցնում:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է բյուջեով հատկացված գումարներով, որը նախկինում տրամադրվում էր միայն ազատության մեջ գտնվելուց հետո: Նրա խոսքով, ուսուցման համար կազմակերպվում է մրցույթ, ըստ որի ընտրվում է վերականգնողական կազմակերպությունը:

Քրմոյանը խոստովանեց, որ շատ քիչ են այն դատապարտյալները, որոնք ազատ արձակվելուց հետո աշխատանք են գտնում. « Նրանք համարվում են շուկայում անմրցունակ... Իսկ թե մենք հավատո՞ւմ ենք, թե ոչ, ասեմ, որ Արմավիրում փորձնական կարգով կրթական ծրագիր ենք անցկացնում՝ համակարգչային ուսուցում, լեզվի ուսուցում, եւ բավական հաջող է: Տոկոսային առումով անհամեմատ ավելի շատ կլինեն աշխատանքի անցած դատապարտյալները, եթե անցնեն նման ծրագրեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ