News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության 17-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ահաբեկչության զոհերի հարազատները, պետական եւ քաղաքական գործիչներ Եռաբլուրում էին:

Հիշեցնենք. 1999 թվականի այս օրը խորհրդարան ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիկ Աբրահամյանին:

Ազգային ժողովի նախագահը 17 տարի առաջ տեղի ունեցածը որակել է ողբերգություն ե՛ւ պետության, ե՛ւ ժողովրդի համար։ Իսկ ինչո՞ւ ոճրագործությունը չբացահայտվեց հարցին Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե նրանք, ովքեր մասնակցել են ահաբեկչությանը, կալանավորված են:

Ոճրագործության հետեւանքով սպանված սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը կարծում է՝ գործող իշխանությունները ոչինչ չարեցին, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի: Արամ Սարգսյանը նաեւ նշել է, որ անհեթեթություն է գործի բացահայտումը թողնել սպանվածների ընտանիքների վրա:

Անահիտ Բախշյանը նույնպես պետության կողմից ահաբեկչության բացահայտմանն ուղղված քայլեր չի տեսնում: Նա մատնանշել է, որ դատարանն անգամ չպարզեց, թե ով է միջանցքում սպանել Արմենակ Արմենակյանին:

Ազգային ժողովի այգում էլ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ ողբերգության 17-րդ տարելիցի կապակցությամբ: Խորհրդարանականները  ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի մոտ, իսկ արդեն խորհրդարանի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգել են ոճրագործության հետեւանքով զոհված գործիչների հիշատակը:

Գործադիրը պատրաստվում է 2017 թվականի պետբյուջեի ներկայացմանը: Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նախագծի քննարկումներ են սկսվելու: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է, որպեսզի բոլոր ոլորտների վերաբերյալ ֆինանսավորումները ներկայացվեն ծրագրային բյուջետավորման ձեւաչափով, հիմնված կառավարության ծրագրային դրույթների վրա:

Վարչապետին անհանգստացնում է ՀԷԿ-երի հետ կապված իրավիճակը: Ասում է՝ գետային ավազաններ ունենք, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված: Պատասխանատու գերատեսչություններին Կարեն Կարապետյանը հանձնարարել է ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Կառավարության նիստում նաեւ սահմանվել է Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին տրամադրվելիք պետական օգնության չափը, երկու ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրվել, որոշվել է սիրիահայ ուսանողների 2016-17 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման համար տրամադրվելիք գումարի չափը՝ 20 մլն դրամ:

Իսկ արդեն նիստերի դահլիճից դուրս լրագրողները Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարից հետաքրքրվել են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի գործունեությունն ակտիվացնելու եւ Հայաստան բյուջետային ավիաընկերությունների մուտքի մասին:

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն, այո՛, կա, տոմսերի արժեքը՝ «սկսած 999 ռուբլուց», առավելագույն շեմը նույնպես շատ բարձր չի լինի: Բանակցություններ են վարում նաեւ արեւմտյան  բյուջետային ավիաընկերությունների հետ: Սերգեյ Ավետիսյանը տոմսերի գների էջեցում է խոստանում, նաեւ հավաստում. խնդիրներ կան, կփորձենք լուծման ուղիներ գտնել:

Գյուղնախարարն էլ տեղեկացրել է, որ ֆերմերներին խաղողի դիմաց պարտքերը մարելու համար գինու-կոնյակի գործարանները կվաճառեն կոնյակի սպիրտի պաշարները: Իգնատի Առաքելյանի տվյալներով՝ գործարանները ֆերմերներին ընդհանուր առմամբ շուրջ 500 մլն դրամ են պարտք:

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունը փորձում է կառավարության նոր անդամներին գործիք դարձնել՝ սեփական վերարտադրության խնդիրը լուծելու համար, Առաքելյանը նշել է, որ այսօր շղթա է գործում, եւ յուրաքանչյուրը գործիք է այդ շղթայում: Նա նաեւ չի բացառել, որ կհամալրի Հանրապետականի շարքերը:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա զինծառայողը հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է հոկտեմբերի 26-ին: Նա Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: Արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած ծնողներին չեն հայտնել որդու մահվան մասին: Հայաստան են կանչել՝ ասելով, որ Գուրգենը վիրավոր է:

77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Նա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ էր: Հովսեփյանը բազմաթիվ պատմվածքների եւ վիպակների հեղինակ է: Նաեւ թարգմանել է Լեւ Տոլստոյի մի շարք ստեղծագործություն, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» եւ «Նահապետի աշունը»:

Հոկտեմբերի 27-ին դոլարի ու եվրոյի փոխարժեքը սկսել է նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 28-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերն առանց տեղումների եղանակ կլինի, ցերեկը՝ ժամանակ առ ժամանակ անձրեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ