News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետք է պահպանել գիտելիքի եւ դաստիարակության համամասնությունը. ավելի վտանգավոր է մարդը, ով գիտելիք ունի, բայց չունի հստակ աշխարհայացք եւ աշխարհընկալում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը եւ ժողովրդավարական դաստիարակությանը Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրով (նախատեսված է 2015-2017 թթ համար) վերապատրաստում անցած մասնագետներին հավաստագրեր տալու արարողության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ իրականացվող ծրագիրը կարեւոր է` նախեւառաջ հայեցակարգային իմաստով: «Քաղաքացիական կրթությունը եւ ներկա քաղաքակրթության հիմնարար արժեքների ձեւաչափի մուտքը կրթական համակարգ շատ կարեւոր է: Ի վերջո, մեր անկախությունը ձեռք բերեցինք՝  հենվելով հենց համաշխարհային քաղաքակրթական արժեքների վրա, եւ այսօր էլ կառուցում ենք այն երկիրը, որը լիարժեք ընդունում է քաղաքակիրթ մարդկության, առաջավոր երկրների արժեհամակարգը: Այս իմաստով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին` այս ծրագրի եւ ընդհանրապես Հայաստանում մտածողության, հանդուրժողականության արժեհամակարգային, գաղափարական հարցերում մեզ մշտական աջակցություն ցուցաբերելու համար: Ի վերջո, հայ ժողովուրդը եվրոպական ընտանիքի անդամ է` քրիստոնեության ընդունումից ի վեր, երբ աստիճաբանար սկսեց ձեւավորվել մարդու, ժողովուրդների իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգը` հենց այդ համակարգը կանխորոշեց մեր քաղաքակրթության զարգացումը վերջին 1000-1500 տարիների ընթացքում:

Ուստի, պարտավոր ենք մեր երեխաներին դաստիարակել այս արժեքներով: Երբ խոսում ենք անկախությունից եւ նկատում, որ մեր ժողովուրդն իրավունք ունի իր համար ձեռք բերել ավելի հպարտ եւ արժանապատիվ ապագա, ապա անպայման պետք է անդրադառնանք կայացած քաղաքացիական հասարակությանը: Չի կարող ժողովուրդն ունենալ երկարաժամկետ,  հեռանկարային  եւ ապահով կյանք, եթե իր կյանքը չի կառուցում հավասարության, արդարության, քաղաքացիական համակեցության սկզբունքների հիման վրա: Ուստի կարեւոր է, որ մեր ուսուցիչները, ովքեր ամեն օր շփվում են նոր սերնդի հետ, այս գաղափարախոսությունն ընդունեն եւ տարածեն: Ժամանակակից աշխարհը երկու կարեւոր սկզբունքային հենքի վրա է կառուցված` գիտելիք եւ դաստիարակություն: Այսինքն, երբ ձեւավորում ենք կրթական համակարգ, ապա պարտավոր ենք այս երկու սկզբունքների համամասնությունը պահպանել: Այսօր մեր առջեւ կանգնած են լուրջ մարտահրավերներ՝ տարբեր տիպի ծայրահեղություններ, անհանդուրժողականություն, որոնք ի վերջո հետեւանք են այն բանի, որ մենք գիտելիքի ամբողջ հոսքը չենք կարողացել հավասարակշռել դաստիարակության ձեւաչափով:

Բնականաբար, ավելի վտանգավոր է մարդը, ով գիտելիք ունի, բայց չունի հստակ աշխարհայացք եւ աշխարհընկալում: Համոզված եմ, որ ոչ միայն այս առարկայախումբը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ, այլ նաեւ բնապահպանական իրավունքը, մեր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ մեր աշխարհընկալումները պարտավոր ենք ներառել բոլոր ծրագրերում: Ճանապարհը ընդամենը մեկ դասագիրք ունենալը չէ, այլ աստիճանաբար բոլոր առարկայախմբերում այս գաղափարախոսությունը տարածելը»,-նշել է նախարարը:

Նշենք, որ «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը եւ ժողովրդավարական դաստիարակությանը Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է հանրակրթության ոլորտում: Ծրագրի շրջանակում նախատեսված է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ /վերապատրաստողներ, տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ/, ԵԽ` մարդու իրավունքների կրթության եւ ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն եւ այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Վերապատրաստումներն իրականացվել են երկու փուլով` վերապատրաստողների եւ տնօրենների, ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների համար:

Տպել
Ամենաշատ