News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում: Այս մասին, հոկտեմբերի 27-ին, մեկնարկած Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա նիստի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն եւ հանրային իրազեկում հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի շրջանակներում:

Սուրեն Քրմոյանի գնահատմամբ, խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ: Նրա խոսքով, երբ խոսվում է անչափահասների արդարադատությունից կամ յուվենալ արդարադատությունից՝ շատերն այն շփոթում են ընտանեկան բռնության, ծնող-երեխա հարաբերությունների եւ տարբեր այլ խնդիրների հետ: «Իրականում անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում»,- ասել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում տարբեր գերատեսչությունների ներգրավվածությամբ մշակվում են մի շարք ռազմավարություններ (Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարություն, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, Անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարություն), միասնական մոտեցմամբ հնարավոր կլինի խուսափել երեխաների շահերի պաշտպանության տեսանկյունից ռազմավարություններում առկա խնդիրների կրկնությունից:

Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա նիստին քննարկվելու են նաեւ անչափահասների համար (տուժող, վկա, հանցագործություն կատարած, պատիժ կրող, պատժի հետ առնչություն չունեցող պատիժ կրող)՝ համալիր ծառայությունների ձեւավորման հարցեր՝ միջոլորտային համագործակցությամբ:

Նիստին մասնակցում են պետական գերատեսչությունների, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Տպել
Ամենաշատ