News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել Հայաստանի Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին շնորհավորել է ժամանակակից եւ հարմարավետ դահլիճի բացման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղել վերակառուցման ծրագրին մասնակցած բոլոր անձանց: Նա իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է.

«Առաջին իսկ հայացքից տպավորված եմ արդյունքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Իսկապես, մեծ աշխատանք է կատարվել, եւ այդ աշխատանքի արդյունքն ակնհայտ է:

Հաճելի է, որ Հայաստանի ԱԺ-ն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը:

Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը ` մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը:
Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռեւս ավելի շատ բան ունենք անելու: Ավելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպետք է դադարի: Այն մշտապես պետք է հետապնդի համակարգի կատարելագործման եւ դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը:

Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլեւ կարեւորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում:

Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատվության իր բաժինը: Իրոք, կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիվ ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով ծրագրերը կիրառվել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան եւ չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը:

Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության եւ պետական համակարգում հայոց խորհրդարանի կարեւորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջեւ հայոց պետականության ամրությունը:

Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսեւորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտոնապես բացում ենք նիստերի նոր վերակառուցված սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապես հարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շենքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ