News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Արենի-1 քարանձավային համալիրում հնագետները հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի լավ պահպանված գերեզմաններ: Քարանձավում պեղումներն իրականացվում են Կալիֆորնիայի համալսարանի եւ Քերքի համալսարանի (Իռլանդիա) հնագետների հետ միասին: Այդ մասին հայտարարել է արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանը:

Նրա խոսքով, 2010թ. հայտնաբերել են կավե սափորներում երեխաների եւ մեծահասակների գերեզմաններ: Ընդ որում, երեխաները ամբողջական են թաղված, իսկ մեծահասակներին մասերի են բաժանել: Գտածոն հնարավորություն է տալիս ԴՆԹ-անալիզի միջոցով որոշել երեխայի ողջ գենետիկ կոդը: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ բազմաթիվ նոր տվյալներ կտա մարդու գենետիկ էվոլյուցիայի մասին:

«Սակայն գենետիկ կոդի որոշումը թանկ արժե. միայն 60 հազար եվրո արժեն լաբորատոր անալիզները, իսկ նման միջոցներ չկան»,- նկատել է նա:

Պեղումները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի հնագույն անցյալի, այլեւ ողջ Առաջավոր Ասիայի մշակութային-պատմական միջավայրի ընդհանուր պատկերը վերարտադրելու համար: Արենի-1-ում պեղումները սկսվել են 2007թ., իսկ 2008-ին հայտնաբերվել է կաշվե ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ