News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Արենի 1» քարանձավից 2 տարի առաջ հայտնաբերված 5500-ամյա կաշվե կոշիկի վիճակն ավելի քան նորմալ է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը։

Նրա խոսքով, հնագույն նմուշի ռեստավրացիոն աշխատանքներն իրականացնելու համար թանգարանը դիմել է Քյոլնի վերականգնման ինստիտուտ (Գերմանիա)՝ պրոֆեսոր Ռոբերտ Ֆուխսին։ «Սակայն գերմանական իստիտուտի հետ պայմանավորվածությունները վերջնական չեն, դրանք ընթացքի մեջ են»,- ասաց Անելկա Գրիգորյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գերմանացի մասնագետը դեռեւս զբաղված է կաշվե կոշիկի՝ Հայաստանից ուղարկված ֆոտոփաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Դիտարկմանը, թե մինչ արժեքավոր նմուշի՝ ռեստավրացիոն նպատակներով արտասահման ուղարկելը՝ իրենք պետք է ստացած լինեին Օքսֆորդի եւ Կալիֆորնիայի համալսարանների լաբորատորիաների գրավոր ցուցումները, Գրիգորյանը նկատեց, որ վերոնշյալ 2 լաբորատորիաներից ինքը դեռեւս պատասխաններ չի ստացել՝ չնայած որ կրկին նամակ է գրել նրանց։

Հարցին, թե առանց այդ լաբորատորիաների պարտադիր գրավոր ցուցումների ինչպե՞ս է Պատմության թանգարանը նախաձեռնում կաշվե կոշիկի ռեստավրացման աշխատանքները՝ թեկուզ գերմանացիների հետ պայմանվորվածությունների մակարդակով, Անելկա Գրիգորյանը պատասխանեց. «Գերմանացի մասնագետն ուրիշի տվյալների վրա, կարծում եմ, ոչինչ չի անի։ Գործը հենց սկզբից կստանձնի հենց ինքը։ Տեսնենք՝ ինչպես կլինի»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ ֆրանսիական եւ ուկրաինական վերականգնողական ինստիտուտներին իր կողմից ուղարկված նամակները եւս անպատասխան են մնացել։

Նշենք, որ որ ավելի քան 5500 տարվա պատմություն ունեցող կոշիկը Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավում հայտնաբերվել էր 2008 թվականի սեպտեմբերին։ Գտածոյի տարիքի մասին են վկայում իրարից անկախ փորձագիտական ուսումնասիրություններ իրականացրած միանգամից մի քանի տարբեր գիտահետազոտական կենտրոններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ