News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցանկանում են 2017-ի վերջին վերականգնել կաշվի արդյունաբերության լիակատար ցիկլը:

Arleder ընկերության տնօրեն Վահագն Կարագուլյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանն առայժմ կիսաֆաբրիկատ է արտադրում՝  քրոմով աղաղած «վետ բլյու» կաշի, սակայն ծրագրվում է շուտով տեղադրել կաշվի վերջնամշակման իտալական սարքավորում: Տարվա ընթացքում այն կտեղադրեն եւ կգործարկեն: Արտադրության ներդրողը Հայկազ ընտանիքն է, որոնք նիդեռլանդացի բիզնեսմեններ են, ծագում են Ստամբուլից: Նրանց պատկանող Arma Leder ընկերությունը Նիդեռլանդներում կաշվե հագուստ է կարում, գործարաններ ունի մի քանի այլ երկրներում: Հիմա նրանք մտածում են այդպիսի արտադրություն ստեղծել նաեւ Հայաստանում (երբ ձեռքի տակ կլինի տեղական կաշին):

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում կաշվի արդյունաբերությունը դադարել է, իսկ հում կաշին հանրապետությունից Թուրքիա են տարել: «Եվ հիմա էլ դեռ տանում են: Երկրում տարեկան հավաքվում է 4 հազար կովի կաշի, որից մոտ կեսն այնտեղ է գնում: Հավաքվում է 500 հազար ոչխարի կաշի, որը պարզապես դեն է նետվում:

Եթե մենք ամբողջական հզորությամբ աշխատեցնենք, ապա օրական կարող ենք 20 տոննա կովի կաշի մշակել (1,5 անգամ ավելի շատ հումք, քան երկրում կա) եւ 1200 հատ ոչխարի (ամբողջ հումքի 3/4-ը):

Ճիշտ է, մեզ հետ մեծածախն արդեն աշխատում է, բայց եւ վախենում են հին կապերը կորցնել: Հավանաբար մտածում են՝ թուրքերի վատ-լավ առեւտուր ենք անում, իսկ երեւանյան գործարանը՝ ով  գիտե, այսօր կա, վաղը չկա: Բայց մենք չենք շտապում ոչ մեկին տարահամոզել: Արտադրությունն ամբողջությամբ կստեղծենք, հետո արդեն տեսանելի կլինի»,- նշեց Կարագուլյանը:

«Վետ բլյու» կիսաֆաբրիկատը գործարանն արտահանում է 2016-ի փետրվարից եւ անցյալ տարի մոտ 700-800 հազար դոլարի արտահանել է Եվրոպա եւ Չինաստան: «Իհարկե, դա եւս դեռեւս պատրաստի արտադրանք չէ, բայց դրա մեջ արդեն ավելացված արժեքն ավելի մեծ է, եւ այն մնում է Հայաստանում»,- նշեց Կարագուլյանը:

Հայկազ ընտանիքի հետ արտադրության մեջ ներդրում է կատարում Սփյուռքի մեկ այլ հայ էլ՝ շվեյցարացի գործարար Վարդան Սիրմաքեշը: «Նա կաշվի բիզնեսով չի զբաղվում, բայց վերանորոգման հարցում շատ օգնեց, որովհետեւ արտադրամասը նույնիսկ նորմալ տանիք չուներ: Օգնում է նաեւ պատուհաններ ձեռք բերելու եւ ներքին վերանորոգման հարցերում»,- հավելեց Կարագուլյանը:

Պատրաստի կաշվի արտադրության ընդհանուր ցիկլում ներդրումները կազմում են 1 մլն դոլարից փոքր-ինչ ավելի: Նման փոքր գումարի մեջ ենք տեղավորվել, քանի որ այն ամենը, ինչ կարողացել ենք՝ ինքներս ենք արել, պարզաբանեց Կարագուլյանը: «Օրինակ՝ մեկ անգամ շարքից դուրս էր եկել մեծ գեներատորը, որը պտտեցնում է աղաղման թմբուկները: Այն վերանորոգելն արժե 5 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց այդքան փող վերցնեինք: Մենք բոլորս ե՛ւ բանվորներ ենք, ե՛ւ տեխնոլոգներ, նաեւ ես: Այն քանդեցինք, ինքներս փաթույթները փոխեցինք: Մեզ վրա 300-400 դոլար նստեց:

Սա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ որակի նկատմամբ դիտողություններ չկան: Եթե լինեին, ապա չէին գնի՝ մեր շուկան շատ մրցակցային է: Միայն Թուրքիան ամեն ինչ արժե: Նաեւ Չինաստանը եւ շատ ուրիշները»,- նշեց Կարագուլյանը:

Հիմա «վետ բլյուի» փուլում գործարանում 80-100 մարդ է աշխատում: Տարեվերջին, երբ ավելանան վերջնամշակման արտադրամասերը, աշխատակիցների թիվը կդառնա մոտ 200 մարդ:

Հեռանկարում գործարանը ցանկանում է ցանկացած հնարավոր թափոն եկամտի վերածել: Միավորող հյուսվածքների սպիտակուցներից (կոլագեններից), որը մաքրում են կաշվից, ժելատին են պատրաստում: Կոլագենից կարելի է եւ սոսինձ, եւ օճառ պատրաստել: «Սակայն չենք շտապի: Հիմա գլխավորը սկսածն ավարտելն է»,- ամփոփեց Կարագուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ