News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2010 թ. Զեկույց, որով արձանագրել է, որ Հայաստանի կառավարության կողմից սահմանափակումների, կամ կրոնական ազատությունների նկատմամբ մոտեցումների փոփոխություններ չեն նկատվել: Զեկույցի հեղինակներն, այդուհանդերձ, նշում են, որ հաղորդագրություններ կան կրոնական պատկանելության, դավանանքի դեմ սոցիալական բնույթի չարաշահումների եւ խտրականությունների մասին:

Հղում անելով տեղական փորձագետներին, զեկույցում նշվում է, որ կրոնական փոքրամասնություններն ընկալվում են պետության համար որպես սպառնալիք: Ըստ որոշ ուսումնասիրողների` բնակչությունը հիմնականում բացասաբար է վերաբերվում կրոնական փոքրամասնությունների բոլոր խմբերին:

Զեկույցում բերված տվյալների համաձայն, մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար Եհովայի վկաներ դատապարտվել են ազատազրկման, որոնցից 20-ը դատապարտվել է 24, իսկ 15-ը 30 ամսվա ազատազրկման։

Երեւանում Եհովայի վկաների ղեկավարի տվյալներով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրենց կազմակերպության անդամներից 76-ը մնում էին մեկուսարաններում, եւս 1 հոգի գտնվում էր նախնական կալանքի վայրում։

Զեկույցի հեղինակները նշել են նաեւ, որ կրոնական փոքրամասնությունները ժամանակ առ ժամանակ դառնում են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների թշնամության թիրախը, լրատվամիջոցների մեծ մասը կրոնական փոքրամասնություններին շարունակում է պիտակավորել որպես աղանդներ, կրոնական փոքրամասնություններին ներկայացնում են որպես պետության թշնամիներ եւ ազգային միասնության խոչընդոտներ։

Զեկույցն արձանագրել է նաեւ, որ ազգայնական կազմակերպությունները Եհովայի վկաների, ինչպես նաեւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ թռուցիկներ են տարածել։

Որպես դրական փոփոխություններ զեկույցում  նշվում է Հանրային հեռուստաընկերության կողմից այս տարվա հունիսի 14-ին հեռարձակված բազմակողմանի հաղորդումը այլընտրանքային զինծառայության մասին, որը պատրաստել է «Ինտերնյուս» կազմակերպությունը:

Դրական է գնահատվում նաեւ արդարադատության նախարարության այս տարվա մարտի որոշումը. արձագանքելով «Եհովայի վկաների» դիմումին` նախարարությունը թույլատրել է բանտարկված «Եհովայի վկաներին» այցելել ամիսը մեկ անգամ: Նախկինում նրանց թույլատրվում էր այցելել երկու ամիսը մեկ անգամ։

Ժողովրդագրական բաժնում նշված է, որ Հայաստանի 3 միլիոն բնակչության մոտ 98 տոկոսը էթնիկ հայեր են, բնակչության 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են։ Հայաստանում շուրջ երկու տասնյակ կրոնական փոքրամասնություններ կան, որոնք միասին բնակչության 5 տոկոսից պակաս են:

Կրոնական ազատությունները հարգելու պետության դիրքորոշման մասին նշվում է, որ Սահմանադրությունը ապահվում է կրոնի ազատությունը, սակայն օրենսդրական որոշ սահմանափակումներ կան: 2007 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով սահմանվել է հատուկ համագործակցություն պետության եւ եկեղեցու միջեւ, եւ որոշակի արտոնություններ են շնորհվել Հայ Առաքելական եկեղեցուն, որը չունեն կրոնական մյուս խմբերը։

Ադրբեջանի մասին զեկույցում դրական է գնահատվում 2010 թվականին անցկացված միջազգային կրոնական համաժողովը, որին մասնակցեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը: Դա գնահատվում է որպես նշանակալի քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության առկայության պայմաններում:

Լեռնային Ղարաբաղում «Եհովայի վկաները» հաղորդում են, որ գրանցվելու համար իրենց դիմումը 2009-ի օգոստոսին մերժվել է, իսկ 2010-ի մարտին եւ ապրիլին ենթարկվել են ստուգայցերի ու ձերբակալությունների»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ