News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նախօրեին NEWS.am-ի խմբագրություն դիմած մեր ընթերցողներից մեկը՝ Հովհաննես Կաթրջյանը, պատմեց, որ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում (որն, ի դեպ, տեղակայված է «Էրեբունի» բժշկական կենտրոնում), ստորաբար խաբել են իրեն եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել են նույն ֆիրմայի, սակայն արդեն 6-7 տարի պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք։

«Սրտի խթանիչով ապրում եմ  1985 թվականից։ 2008 թվականի օգոստոսի 6-ի վիրահատությունը, որին ենթարկվեցի Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում,  7-րդն էր իմ կյանքում։ Համաձայն նախնական պայմանավորվածության՝ կենտրոնի տնօրեն եւ վիրաբույժ Սմբատ Ջամալյանը պետք է գերմանական BIOTRONIK ֆիրմայի 8-10 տարվա գործածելիության խթանիչ տեղադրեր իմ ներսում։ Բայց երկու ամիս առաջ ինտերնետով պարզեցի, որ վիրահատության ընթացքում տեղադրվել է նույն ֆիրմայի, սակայն մեկ այլ խթանիչ, որն ընդունակ է աշխատել ընդամենը 7 տարի։ Կասկածանքս հաստատվեց, երբ  ընկերությանը էլփոտով հարցում արեցի։ Հետաքրքիր է, որ այդ ավելի էժան սարքի գինը հիվանդանոցում մինչեւ այսօր ինձ ստույգ չեն ասում»,- նշեց Հովհաննես Կաթրջյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր՝ վիրահատության ենթարկվելու տարում, որդին  ծառայել է Զինված ուժերում, ինչը հիմք  է ծառայել, որպեսզի վիրահատության  գումարի մեծ մասը տրամադրի Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «2 մլն 25 հազար դրամ արժեցող վիրահատության համար Պաշտպանության նախարարությունը փոխանցեց 1 մլն 900 հազար դրամ, մնացած 125 հազար դրամը վճարեցի ես։ Այդ գումարով ինձ պետք է տեղադրեին 10 տարվա պիտանելիության ժամկետով սարք, սակայն կենտրոնում այդ գումարը վերցրել են եւ շատ հանգիստ դրել 7 տարի ժամկետով  սարք։ Խաբեությունը բացահայտելուց հետո գնացի հիվանդանոց, ուր ինձ ասեցին՝ «լավ ենք արել, ում ուզում ես բողոքի, ինչ ուզում ես արա»։ Ինչ կարող ես անել, մի երկու ժամում մի քանի հարյուր հազար գրպանը դնելը դժվար գործ չէ։ Բողոքով դիմել եմ նաեւ Կառավարության վերահսկողության ծառայությանը, որի հարցումներին եւ ստուգումներին ի պատասխան՝ կենտրոնն արդարացրել է իրեն։ Դատախազություն եւս դիմել եմ։ Պատրաստվում եմ դիմել նաեւ դատարան։ Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ինձանից բացի այդ կենտրոնում այլ մարդկանց էլ են խաբել։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ հիվանդին մահացած մարդու խթանիչ են տեղադրել։ Այդպիսի մի մարդու ես գիտեմ»,- պատմեց Հովհաննես Կաթրջյանը։

Ամփոփելով՝ նաեւ տեղեկացրեց, որ 6 ամիսը մեկ պարտադիր ստուգումների ինքը ոչ մի անգամ չի ներկայացել։ «Դրանցից յուրաքանչյուրը 18-20 հազար դրամ արժե։ Ես հազիվ այդքան՝ 20 հազար դրամ թոշակ եմ ստանում, ո՞նց կարող եմ ամեն  անգամ այդ ստուգումներին գնալ»։

Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանը, իր հերթին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել կոնկրետ հարցերի, բայց միաժամանակ հերքեց իրենց նախկին հիվանդի ներկայացրած փաստարկները՝ դրանք որոկելով իբրեւ զրպարտանք։ Հարցին, թե զրպարտության  համար պատաստվո՞ւմ են, արդյոք, դատական հայց ներկայացնել Հովհաննես Կաթրջյանի դեմ, Սմբատ Ջամալյանն ասաց. «Այո, իհարկե պետք է դա անենք, հո էսպես չենք թողնելու»:

Տպել
Ամենաշատ