News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

«Ձեռքերը բռնության համար չեն», «Վերջ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը ընտանիքում եւ աշխատավայրում», «Կնոջ ասած «չէ»-ն «չէ» է նշանակում». այս եւ այլ կարգախոսներով այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի «Կասկադ» համալիրի մոտից երթ տեղի ունեցավ՝ ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի: Ակցիային, որը նախաձեռնել էին 7 ՀԿ-ներ («Կանանց իրավունքների կենտրոն»-ը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն,  «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոն»-ը, «PINK Armenia»-ն, «Զանգակատուն»-ը եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը), մասնակցում էին մի քանի տասնյակ մարդիկ:

«Կասկադ» համալիրի մոտից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության շենք: Երթի ընթացքում ստորագրահավաք իրականացվեց, որով պահանջվում է արդար դատավճիռ կայացնել Զարուհու սպանության գործով: Երթի ընթացքում նաեւ դրամահավաք իրականացվեց: Հանգանակված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի՝ երեկուսուկես տարեկան Լիլիայի համար բացվելիք հաշվեհամարին: Միջոցառման կազմակերպիչները երթի ընթացքում փողոցով անցնող մարդկանց «Ընտանեկան բռնության զոհ» գրությամբ եւ Զարուհի Պետրոսյանի պատկերով թռուցիկներ էին բաժանում: Անցորդները, հատկապես արական սեռի ներկայացուցիչ երիտասարդները, կարդալով ցուցապաստառների վրա գրված կոչերն ու կարգախոսները, արձագանքում էին հիմնականում դեմքի դժգոհ արտահայտությամբ, քմծիծաղով: Մի երիտասարդ էլ արձագանքեց. «Կնգան որ բռնության չենթարկես, չծեծես կնիկ չի դառնա» ու մի կողմ նետեց իրեն տրված թռուցիկը:

Երթի մասնակիցների մեջ էին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կանանց նկատմամբ, ընտանեկան, սեռական եւ այլ տեսակի բռնությունները հակամարդկային ու հակազգային են եւ որեւէ առնչություն չունեն հայ ժողովրդի արժեքային համակարգի հետ: «Բռնություն կիրառելը կամ կնոջ վրա ձեռք բարձրացնելը տղամարդկություն չէ, դա ստորություն է, հանցագործ վարք է, որը պետք է պատժվի օրենքի խստագույն կիրառմամբ: Պետք է քրեական օրենսգիրքը բարեփոխվի, որպեսզի հատուկ հոդվածներ ընդգրկվեն ընտանեկան եւ կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ»,-ասաց նա: Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ պետք է բարձրացնել  հասարակության իրավագիտակցությունը եւ «Հայաստանի քաղաքացին պետք է իմանա, որ ամոթ չէ բարձրաձայնել իր իրավունքների պաշտպանության մասին»:

«Զարուհու ողբերգական մահը մի օրինակ է հասարակական ախտ դարձած մի հանցագործության, որը մեր միասնական հասարակական աշխատանքով պետք է բացառենք: Մենք մեր պատմության ընթացքում շատ ենք տուժել, բռնության ենք ենթարկվել տարբեր կայսրությունների կողմից, բայց այս բռնության մեջ ոչ ոք, բացի մեզանից պատասխանատու չէ»,-ընդգծեց պատգամավորը:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ ներկայացուցիչ Աննա Առուճյանն էլ ասաց. «Ցավալի է, որ Զարուհի Պետրոսյանի մահվանից հետո է, որ համախմբել ենք մի քանի ՀԿ-ներով եւ նախաձեռնել այս միջոցառումը: NEWS.am-ն առաջիններից էր, որ արձագանքեց դեպքին եւ հրապարակմամբ հանդես եկավ: Դրանից անմիջապես հետո մեր կազմակերպությունը բաց նամակ տպագրեց, որում կոչ արեց բոլոր ՀԿ-ներին համատեղ պայքարել ընդեմ կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների, ինչն էլ տեղի ունեցավ: Սակայն մեր կոալիցիան փակ չէ, մեզ կարող են միանալ այլ ՀԿ-ներ եւս»: 

Նշենք, որ երթի կազմակերպիչները նաեւ նամակ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ գլխավոր դքատախազին: Նամակում պահանջվում է հետամուտ լինել, որպեսզի սպանված երիտասարդ կնոջ գործով արդար դատաքննություն իրականացվի եւ մեղավորները պատժվեն:     

Երթի ավարտից հետո ակցիայի մասնակիցները հրավիրվեցին Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոն»-ում կազմակերպված ցուցահանդեսին:

 

Ռեպորտաժը՝ Հեղինե Մանուկյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ