News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի՝ երեւանցիների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիների մեծամասնությունն այնքան էլ գոհ չէ Հայաստանում սպասարկման մակարդակից։ Նրանց կարծիքով, թեպետ վերջին 2-3 տարիներին մատուցվող ծառայությունների եւ հանրային սպասարկման որակը որոշակիորեն բարձրացել են, սակայն այն դեռեւս հեռու է կատարյալ լինելուց։ Հարցվածներից ոմանց կարծիքով, խանութներում,սրճարաններում եւ հասարակական այլ վայրերում հաճախորդին ցուցաբերվող բարեհամբույր վերաբերմունքը եւ ժպիտները շատ հաճախ կեղծ են։

31-ամյա Կարենը, օրինակ, համոզմունք հայտնեց, որ սպասարկման ոլորտի մակարդակը Հայաստանում բոլորովին չի լավացել։ «Ճիշտ է, որոշ բաներ մրցակցության պայմաններում քիչ թե շատ փոխվել են, բայց այդ ամենի մեջ արհեստական ինչ-որ բան  է զգացվում։ Սպասարկման ոլորտի մարդկանց դեմքին նայելիս զգում ես, որ քեզ տանջահար ձեւով են սպասարկում, չուզելով։ Եվրոպական երկրներում նման բան չես տեսնի։ Այնտեղ ուրախ են քեզ ծառայություն մատուցելու, այստեղ՝ ստիպված»,- ասաց նա։   

21-ամյա ուսանողուհի Նվարդն էլ նշեց, որ սպասարկման որակը անցած մի քանի տարիների համեմատ բավական փոխվել է։ «Վաճառողներն այժմ ավելի բարեկիրթ են դարձել։ Չնայած մեկ-մեկ նրանց երեսին նայելիս նկատում ես, որ ինչ-որ բանից դժգոհ են, բայց ամեն դեպքում ավելի հարմարավետ ես  գնումներ անում։  Նույն բանը չեմ կարող ասել հյուրանոցների եւ սրճարանների մասին, որտեղ սպասարկման մակարդակը շատ ցածր է»։

Մասնագիտությամբ հաշվապահ, 30-ամյա Արմինեն էլ ասաց, որ իրեն նյարդայնացնում է հատկապես այն հանգամանքը, որ երբ խանութ է մտնում, հսկիչ-վաճառողուհիները միանգամից «ինչո՞վ  օգնեմ» հարցն են տալիս։ «Երբ ասում ես, որ ինքդ կընտրես քեզ պետք եղած ապրանքը, վաճառողուհին  կրնկակոխ հետեւում է քեզ եւ վերաբերում իբրեւ պոտենցիալ գողի։ Սրանով նրանք նպաստում են, որ գնորդը մյուս անգամ իրենց խանութ չմտնի։ Այսպիսի վարմունքը խոսում է սպասարկման ոլորտի շատ ցածր մակարդակի մասին»,- ցավ հայտնեց նա՝ ավելացնելով, որ ինքը դժգոհ է նաեւ տաքսի-ծառայությունների սպասարկման որակից. «Ինձ միշտ խաբված եմ զգում, ինձ թվում է, որ ինձանից միշտ ավելի շատ գումար են գանձում»։

Տաքսի-ծառայությունների աշխատանքից դժգոհեց նաեւ արեւելագետ Վարդանը, ով պատմեց, որ ինքը հաճախ ստիպված է եղել տանել հարբած եւ անփորձ վարորդների ընկերակցությունը։ «Բա որ սկսում են անհարկի թեմաներով խոսել ուղեւորի հետ... Դա հունից հանում է ինձ»,- ասաց նա:

Բազմազավակ մայր, տնային տնտեսուհի Լիլիթն էլ նկատեց, որ որոշ խանութներում ու սուպերմարկետներում այնպիսի բարեհամբույր վերաբերմունք են դրսեւորում, որ «ուզում ես անընդհատ գնումներ անել այդտեղից»։ «Մեկ-մեկ էլ հակառակը, ունքներն այնպես են կիտում, որ սիրտդ խառնում է»,- նշեց նա։

Տնտեսագետ, բազմաթիվ արտասահմանյան երկրներում եղած Արթուրն էլ իր հերթին  ավելացրեց, որ եթե անգամ հայաստանյան որեւէ ոլորտում առաջխաղացում կա, ապա հաստատ՝ ոչ սպասարկման ոլորտում։ «Սպասարկման մակարդակը Հայաստանում ահավոր վատ է, իսկ սպասարկողներն էլ այնպիսի մուննաթով են վարվում, կարծես դու ես ստիպել, որ այդ աշխատանքն ընտրեն: Տպավորություն է, որ ծառայություն մատուցողները մեծ լավություն են անում քեզ, մինչդեռ դա նրանց աշխատանքն է»:

Մասնագիտությամբ լրագրող Անիին էլ նշեց, որ քաղաքի ամենահեղինակավոր պիցերիաներից մեկում մատուցողուհիները որպես օրինաչափություն,միշտ շփոթում են պատվերը, ինչը պատճառ է դարձել, որ ինքն այլեւս այնտեղ չհաաճախի: «Չգիտեմ, դա միայն ինձ հետ է պատահել, թե նաեւ մյուսների, բայց ոչ մի անգամ այնտեղ չեն կատարել խնդրանքս՝ պիցցան պատրաստել առանց պանրի եւ այն գրեթե միշտ մատուցել բուրավետ հոլանդական պանրով»,- նշեց նա:

 

Անի Ղազարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ