News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 2-ի առավոտյան Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացնում ենք ելույթը:

«Հարգարժա́ն Նախագահ Նազարբաեւ,

Հարգարժա́ն տիկին նախագահող,

Տիկնա́յք եւ պարոնա́յք,

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթաժողովն է 21-րդ դարում եւ առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին եւ անձամբ Նուրսուլթան Նազարբաեւին ակտիվ նախագահության եւ բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:

ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով եւ սպասումով են հետեւում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը եւս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհանուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից եւ բնական պաշարներից:

Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն`լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին եւ Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորվեցին նաեւ երկու իրավահավասար պետական կազմավորումներ`Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության եւ Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջեւ կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատեւ խաղաղության հաստատման համար:

Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետեւանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը:

Տիկնա́յք եւ պարոնա́յք,

Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որեւէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները եւ պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ:

Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատեւ եւ հետեւողական քաղաքականության գագաթնակետը:

Հարգելի́ գործընկերներ,

Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է:

Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական եւ ո́չ էլ բարոյական հիմք:

Հարգելի́ գործընկերներ,

ԵԱՀԿ գագաթաժողովն ինքնին մեծ կարեւորություն է ներկայացնում կազմակերպության հետագա գործունեության համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն մեծ ավանդը, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը` Ղազախստանը, ներդրել է  այս երկար սպասված հանդիպումն իրականություն դարձնելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ