News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 9-ին հանդիպել է Քուվեյթի նավթի եւ տեղեկատվության նախարար շեյխ Ահմեբ ալ Սաբահի հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են  էներգետիկայի, հատկապես` վերականգնվող էներգետիկայի  բնագավառում գործակցությանը վերաբերող հարցեր:  Նշելով, որ Հայաստանը թեեւ  հարուստ չէ վառելիքաէներգետիկ պաշարներով, փոխվարչապետը միաժամանակ ընդգծել է, որ տնտեսության մի շարք ոլորտներ` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման մեծ ներուժ ունեն: Նա Քուվեյթի գործընկերոջը հրավիրել է Հայաստան` գործարար եւ ներդրումային միջավայրին անձամբ ծանոթանալու  համար: Երկուստեք կարեւորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի առեւտրատնտեսական եւ հումանիտար հարաբերությունների աշխուժացմանը:

Այցի շրջանակում փոխվարչապետն այցելել է նաեւ Քուվեյթի առեւտրա-արդյունաբերական պալատ, հանդիպել  պալատի ղեկավարության հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է գործարարների ուղիղ շփումների, փոխայցելությունների, գործարար համաժողովների կազմակերպումը` գործակցության հետագա ուղղությունները նախանշելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նշվել է, որ հիմնականում  ներմուծող երկիր համարվող Քուվեյթի շուկան բաց է հայկական ապրանքատեսակների համար: Միաժամանակ կարեւորվել է ապրանքների տեղափոխման ճիշտ ռազմավարության որոշումը:

Անդրադարձ է եղել նաեւ Քուվեյթում հայկական աշխատուժի ներգրավման, շինարարական նախագծերի իրականացմանը հայկական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ