Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի 7 հասցեում`«Կերամիկա» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Այստեղ են Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցները՝ պետի օպեր գծով տեղակալ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, իսկ ոստիկանության աշխատակիցները փորձում են տեղանքն ազատել նրանցից:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածն Իրանի քաղաքացի 32-ամյա Մոժդե Կուրոժ Աբադին է: Նա սովորում էր Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսում եւ փաստացի բնակվում էր Այգեստան 11 փողոցի 39/2 հասցեում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի