News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի կրթության եւ գիտության  նախարարությունում տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարեւորել է դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակում «Լոգո» ծրագրի ներդրումը:

Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո»  համակարգչային ուսումնական միջավայրի ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ, համաձայն որի`  չորս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո»  համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի  առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի լրամշակում, ինչպես նաեւ մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում եւ սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում:

«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն եւ ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար եւ շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ այլն) դասավանդման ժամանակ: Փաստացի աշխարհում այն իր տեսակի մեջ  ամենատարածված եւ ամենահաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին: «Լոգո» ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը  Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն Սփյուռքի հայկական դպրոցների  իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու  ինտերակտիվ  կրթական բովանդակություն:

ՀՀ կրթության ու գիտության նախարարության եւ «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ