News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010-ին իրականացված աշխատանքները եւ նախանշվել 2011թվականի առաջնահերթությունները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշել է, որ 2010 թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, մշակվել ու հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարեւոր փաստաթղթեր, պաշտպանական բարեփոխումների համատեքստում զգալիորեն բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ազգային եւ միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման ասիմետրիկ հմտությունները: Հարկ է նշել, որ 2010թվականի վերոնշյալ զորավարժությունները առանձնահատուկ են եղել գիշերային փուլի անցումներով, կրակային խոցման ինտենսիվությամբ ու ղեկավարման նոր մարտավարական դրվագներով:

Անդրադառնալով 2010 թվականի ընթացքում արձանագրված թերացումներին ու հատկապես հանրային հնչեղություն ստացած միջադեպերին` Սեյրան Օհանյանը մի շարք զորամասերի հրամանատարների խիստ ցուցումներ է տվել` բացթողումները շտկելու, սպայական ու սերժանական կազմի ծառայությունը ներդաշնակ կազմակերպելու վերաբերյալ` նշելով, որ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման ու կարգապահության բարձրացման համար բացառվելու է նախկին թերացումների կրկնությունը: 

 Զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով  հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2010թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն մեր զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:

 Ամփոփելով 2010 թվականին կատարված աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ շարունակվելու են զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները` ՀՀ զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց կարգախոսի ներքո:

Սեյրան Օհանյանը 2010թվականի լավագույն զորամասերին պարգեւատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմերին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ