2010 թվականը քաղաքական եւ տնտեսական առումներով կարելի է անվանել չհաջողված: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով, տնտեսական անկման կամ աննախադեպ գնաճի մասին խոսելու իմաստ անգամ չկա: «Դա տեսանելի է անզեն աչքով»,- նկատեց նա:
Ներքաղաքական դաշտում եւս, փորձագետի կարծիքով, որեւէ դրական տեղաշարժ չի եղել, իսկ ղարաբաղյան հարցը մտել է մեծ փակուղի:
«Աստանայի գագաթաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն ճգնաժամում է, իսկ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրով, գործում է հենց այդ կազմակերպության կառույցի մեջ, ուստի ենթադրություններն ինքներդ արեք»,- ամփոփեց փորձագետը` հավելելով որ անարդյունք հայ-թուրքական գործընթացի վրա ընդհանրապես կես տարի ծախսվեց:
«Ուստի այդ նախադրյալները 2011թ. համար հուսադրող կանխատեսումներ անելու հիմքեր չեն տալիս: Ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացներում առանձնակի փոփոխություններ ակնկալելու հարկ չկա, իսկ ներքաղաքական դաշտում ամեն ինչ կախված կլինի իշխանությունների` լուրջ փոփոխություններ անելու կամքից եւ վճռականությունից»,- նկատեց փորձագետը: