News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը Վաշինգտոնում՝ հիվանդանոցում, մահացել է «ամերիկյան դիվանագիտության վետերան», վիետնամական պատերազմի առաջին տարիներին մամուլի խոսնակ Բերի Զորթյանը։ Նա 90 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ Բերի Զորթյանին բնորոշելով որպես անձնավորության, ով իր հետքն է թողել Վիետնամում ամերիկյան քաղաքականության վրա։

Զորթյանը վիետնամական պատերազմին մասնակցված ԱՄՆ-ի դիվանագիտության ու զինվորականության վերջին կադրային ներկայացուցիչն էր, վերջինը այն մարդկանցից, ում որոշումները ազդեցություն էին թողնում վիետնամական իրադարձություների վրա։

Նա Սայգոն էր ուղարկվել նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից, որպեսզի լիցքաթափի մաղձոտ հարաբերությունները, որ կային ամերիկյան պաշտոնյաների ու պատերազմը լուսաբանող լրագրողների միջեւ։ Զորթյանը, օգտագործելով իր ունակությունները՝ խելոք միտքն ու անձնական հմայքը, փորձում էր վստահություն ձեւավորել Վիետնամում ԱՄՆ-ի ջանքերի հանդեպ։ 

«Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ, վիետնամական պատերազմը լուսաբանած շատ լրագրողներ, որոնք աշխատել են Զորթյանի հետ, ասում են, որ նա ավելի լավ էր հասկանում ու գնահատում մամուլի դերը քաղաքացիական հասարակության մեջ, քան վերջին ժամանակներում կառավարության որեւէ այլ մամուլի խոսնակ։

«Associated Press»–ը գրում է նրա կենսագրության մասին։ Զորթյանի ծնողները հայեր էին։ Նա ծնվել է 1920 թվականին Թուրքիայում։ Նրանց ընտանիքը ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Բերի Զորթյանը սովորել է Յեյլի համալսարանում, խմբագրել է Յեյլի «Daily News» թերթը։

Ավարտելով համալսարանը՝ նա որպես սպա ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում խաղաղօվկիանոսյան պատերազմի տարիներին։ Զորթյանը պաշտոնաթող է եղել գնդապետի աստիճանով։ 

Պատերազմից հետո նա աշխատել է CBS ռադիոյում։ 13 տարի աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում, ռեպորտաժներ հեռարձակել կորեական պատերազմի մասին ու ռադիոկայանում հասել մինչեւ ծրագրերի տնօրենի պաշտոնին։ Հետո նա որպես արտաքին ծառայության պաշտոնյա ուղեւորություններ է կատարել Հնդկաստան ու Վիետնամ։
1964 թվականին ԱՄՆ–ի տեղեկատվական գործակալության տնօրենի կողմից, նա ընտրվել է որպես Միացյալ Նահանգների հանրային կապերի պաշտոնյա զանգվածային լրատվամիջոցների գծով։ Մեկ տարի անց նա դիվանագիտական աստիճան է ստացել։

Հարավային Վիետնամում ԱՄՆ-ի երեք դեսպանների օրոք Զորթյանն աշխատել է որպես մամուլի հարցերով խորհրդական, ինչպես նաեւ եղել է Միացյալ Նահանգների ռազմական հրամանատարության մամուլի հարցերով խորհրդական։ 
Յեյլի համալսարանից բացի Բերի Զորթյանը սովորել է նաեւ Նյու Յորքի համալսարանում ու իրավաբանության դիպլոմ ուներ։

Զորթյանի կինը՝ Մարգարեթ Զորթյանը, մահացել է անցած հուլիսին՝ 62 տարեկան հասակում։ Նրանք երկու տղա են ունեցել՝ Գրեյը եւ Սթիվը, ինչպես նաեւ երկու որդեգրած աղջիկ։

Լուսանկարը` Life.com-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ