«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները՝ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փողոցային ակցիաները։
Այս պահին երթը հասել է Կոմիտաս պողոտա։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ցուցարարները ուշադիր հետեւում են մեքենաներին, որպեսզի նրանք փակ համարանիշներով չքշեն։ Նաեւ կոչ են անում անհապաղ կանխել անօրինականությւոնները։
Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, թե մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երեւանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են եւ վտանգում մարդկանց:
«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երեւանում երթեւեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երեւույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,-ասել էր Փաշինյանը:
Նա իր աջակիցներին կոչ էր արել ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ ու նման մեքենաները երթեւեկեն։