News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Հայաստան այցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախումբը, որտեղ կոչ է անում ազատ արձակել Չախալյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«2008թ. հուլիսի 21-ին վրացական իշխանությունների կողմից Ախալքալաքում ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատյանի դատարանը ակնհայտ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիորեն առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա քաղաքական եւ հասարակական գործունեությանը: Վրաստանի Վերաքննիչ եւ Գերագույն դատարանները թողել են վճիռն անփոփոխ: Վահագն Չախալյանը այն ջավախքահայ գործիչներից է, որը հետեւողականորեն հանդես է գալիս վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ: Թեեւ նրա հանրային գործունեությունն ընթանում էր բացառապես օրինականության սահմաններում, սակայն ժողովրդի մեջ նրա հեղինակությունը եւ անկախ ու անկաշառ գործչի նրա համբավը ստիպեցին վրաց իշխանություններին կազմակերպել նրա չեզոքացման գործողությունը, որի արդյունքում նա այսօր բանտում է: Սույն թվականի հունվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Վահագն Չախալյանի պաշտպանության մտավորականների հանձնախումբը կոչ է անում Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին քննարկել եւ արդարացի լուծում տալ Վահագն Չախալյանի խնդրին` անհապաղ նրան ազատ արձակելով»:

Հայտարարությունը ստորագրել են Վահագն Չախալյանի պաշտպանության մտավորականների հանձնախմբի անդամներ` Ալեք Ենիգոմշյանը, Երվանդ Մանարյանը, Լեւոն Խեչոյանը, Կարինե Խոդիկյանը, Աշոտ Ադամյանն ու Տիգրան Խզմալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ