News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաեւ մեդալներով պարգեւատրել է Հայաստանի զինված ուժերի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք պարգեւատրվել են Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Բանակի օրվա առթիվ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին ինչ էլ ասենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տեւական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի քայլ` հանուն այդ վեհ նպատակի լարելով իր ողջ ուժերը: Հայոց կազմավորվող բանակին ով ինչ կարող էր տվեց:

Այսօր մեր ժողովրդի բոլոր հատվածները հպարտությամբ են արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է:

Բոլորը գիտեն, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է` բառի եւ՛ ուղղակի, եւ՛ փոխաբերական իմաստով:

Ինչպես մեր շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում մեր նահատակ ընկերների աճյուններն են. խնկելի անուններ, որոնցով այսօրվա տոնը կրկնակի է սրբանում:

Սիրելի՛ զինվորներ եւ ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ,

Շնորհավորում եմ մասնավորապես ձեզ, որովհետեւ դուք եք մեր Զինված ուժերի դեմքը, որովհետեւ նույնիսկ 21-րդ դարում բանակն առաջին հերթին հզոր է մարդկային գործոնով: Լավ գիտեմ ձեր ամենօրյա, ես կասեի` 24-ժամյա աշխատանքի դժվարությունները: Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային առաքելություններում դուք պատվով եք կատարում ձեր գործը: Իհարկե, մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին  այլ մակարդակ, եւ ամենակարեւորը` ռազմական աննահանջ ոգին ու կամքը, դուք պահել եք անաղարտ:

Այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց ձեզ` առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության:

 Կեցցե՛ Հայաստանի փառապանծ բանակը:Փա՛ռք հայ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ