Հայաստանը գործընկեր պետությունների հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս թշնամանք չի սերմանում այն հարեւանների նկատմամբ, որոնց հետ ունի չլուծված խնդիրներ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանը այնպիսի չի անում, որոնք կարող են վտանգել գործընկեր պետությունների տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Օհանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՊՆ 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները եւ պատասխանել նրանց հարցերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետեւյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»:
Հանդիպմանը մասնակցող օտարերկրյա ռազմական կցորդները եւ ռազմական ներկայացուցիչները շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարին Բանակի օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել կազմակերպված ընդունելության համար: