News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ փետրվարի 11-ին կայացել է Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նիստում հավանության է արժանացել 2010թ-ի ընթացքում ՀՀ-ում թրաֆիկինգի  դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: 

Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ամբողջացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը, որն այժմ ԱԺ-ում 2-րդ ընթերցման փուլում է: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են թրաֆիկինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանը եւ ՀՀ-ի  կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի համապատասխանեցմանը:

Ըստ Ձ.Աղաջանյանի` այս տարի առաջին անգամ Հայաստանը մինչեւ սեպտեմբերի 1-ը  Եվրախորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագիտական խմբին (GRETA) պետք է ներկայացնի Հայաստանի ազգային զեկույցը: Այն լրամշակելու եւ վերջնական տեսքի բերելու համար առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ:

Թրաֆիկինգի ենթարկված անձանց վերականգնողական ապաստարանների ստեղծման եւ շահագործման այլ երկրների փորձն ուսումնասիրելու նպատակով խորհուրդը որոշեց աշխատանքային խումբ գործուղել արեւմտյան երկու երկիր:

Խորհրդի նիստում փոխոստիկանապետ Ա.Օսիկյանը նշել է, որ անցած տարի ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել հատկապես  երեխաների շահագործման հետ կապված դեպքերը: 2010 թ. ընթացքում վարույթ է իրականացվել երեխաների թրաֆիկինգի 5 քրեական գործով` 5 տուժողով: Քրեական հետախուզում է իրականացվել 7 մեղադրյալի նկատմամբ: Նրա տեղեկացմամբ, թրաֆիկինգի ենթարկված, ինչպես նաեւ թափառաշրջիկ երեխաների մեջ մեծ թիվ են կազմում չհաշվառված երեխաները:

Խորհրդի նախագահ Ա.Գեւորգյանը նշել է, որ շարունակվելու է հետեւողական աշխատանքը երեխաների ծնունդների համատարած գրանցման ուղղությամբ, քանի որ ծնունդը չգրանցված երեխաների համար թրաֆիկինգի ռիսկն ավելի մեծ է:

Փոխվարչապետը նշել է, որ ընտանեկան նպաստների համակարգում կատարված վերջին փոփոխություններով  ներկայումս հանրապետությունում իրականացվում են ընտանեկան նպաստների համակարգում փաստագրման լայնածավալ աշխատանքներ, ինչը եւս հնարավորություն կտա ամբողջական դարձնել բնակչության ռեգիստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ