News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Բնապահպան Կարինե Դանիելյանը հանգիստ է վերաբերում հանրապետության տարածքում գայլերի որսը թույլատրող կառավարության որոշմանը եւ դրա դեմ չի բողոքում, քանի որ ինքն էլ համաձայն է, որ այդ կենդանիների թվաքանակը Հայաստանում կտրուկ աճել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Կարինե Դանիելյանը։

«Գայլերն, իրոք, վտանգ են ներկայացնում գյուղական համայնքների բնակիչների համար, բնության մեջ հավասարակշռության խախտում, իսկապես, կա։ Սակայն վրացիներն ավելի լավ լուծում են գտել այս խնդրի դեմ եւ գայլաորսը թույլատրել են միայն այն դեպքերում, երբ նախահարձակ են լինում գայլերը: Ճիշտ կլիներ, որ Հայաստանը եւս հետեւեր վրացական փորձին եւ գայլերի որսը թույլատրեր մի կարճ ժամանակահատվածով կամ միայն այն դեպքերում, երբ առաջինը համայնքի վրա հաձակվում են գայլերը»,-ասաց բնապահպանը։

Նրա խոսքով, Հայաստանում մարդկանց եւ կենդանիների վրա գայլերի հարձակման դեպքերը շատացել են մի շարք պատճառներով, այդ թվում՝ անտառային տարածքների եւ այդ կենդանիների կերակրային  բազայի կրճատմամբ։ «Գայլերի համար կերակուր հանդիսացող կենդանիների՝ նապաստակներ, ճագարներ եւ այլն, թվի կրճատման եւ էկոհամակարգի փոփոխության պայմաններում գայլերին այլ բան, քան մարդկանց բնակության վայրեր հասնելն է, չի մնում»,- նկատեց Դանիելյանը։

Հարցին, թե իրատեսական  համարո՞ւմ է, որ շատերը չեն դիմանա յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց կառավարությունից 100 հազար դրամ ստանալու գայթակղությանը, ինչն էլ կհանգեցնի գայլերի թվաքանակի կտրուկ կրճատման, բնապահպանն ասաց. «Նման բան իսկապես կարող է պատահել։ Գայլերը բնության սանիտարներ են, այդ գիշատիչները սնվում են հիվանդ կենդանիներով, եւ դրանց թվաքանակի նվազումը կարող է բերել տարբեր համաճարակների տարածման»։

Նշենք, որ Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի շեշտակի աճի կապակցությամբ նախորդ շաբաթ կառավարության նիստում որոշվել է ազատ գայլաորս թույլատրել եւ ոչնչացված յուրաքանչյուր մեկ գլուխ գայլի համար պարգեւատրման չափ սահմանել 100 հազար դրամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ