News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը հերքել է տեղեկությունները, թե Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ընթացքում տուժողները եղել են իր թիկնապահները:

«Բալասանյան ընտանիքի որեւէ անդամ թիկնապահներ չի ունեցել: Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ` գործարանի տարածքից դուրս, եւ ոչ թե գործարանի աշխատակիցների հետ, այլ` կողմնակի անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Միսակ Բալասանյանը եւ հավելեց. «Սամվել Բալասանյանի եւ նրա ընտանիքը վարկաբեկելու համար միտումնավոր ասեկոսեներ են տարածվում, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 29-ամյա մի երիտասարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 24-ին, ժամը 15-ին:  

Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկն ստացած վնասվածքներից մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 8 մարդ՝ 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը,  39-ամյա Արմեն Սահակյանը,  29-ամյա Արթուր Առաքելյանը, 30-ամյա Վարդան Ասատրյանը,  33-ամյա Արման Սիրեկանյանը  եւ ոմն Էդգար, որի ազգանունը դեռեւս պարզվում է:

Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը եւ Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետեւանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:

Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, իսկ Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ