News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարությունը մի քանի օր համառորեն լռություն պահպանելուց հետո վերջապես որոշել է անդրադառնալ իրեն աստղաֆիզիկոս հռչակած Արթուր Պողոսյանի հետ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աղմկահարույց հանդիպմանը:

Հատկանշական է, որ փոխանակ ներողություն խնդրեին հանրությունից պետական կառույցը, մեղմ ասած, անհեթեթ դրության մեջ դնելու համար, մի բան էլ «մուննաթ» են եկել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր համարձակվել են քննադատել Սփյուռքի նախարարությանը:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ: Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարների, ՀՀ սփյուռքի նախարարն օրեկան (երեւի նկատի ունեն «օրական» խմբ.) ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի` բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»:

Անհամեստություն չի լինի ասել, որ ռուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն, առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու, ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի»,- ասված է սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախարարը կոչ է անում մտահոգ մարդկանց չիջնել պարզության աստիճանի եւ նման միջադեպով որակել ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

Հիշեցնենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին ընդունել էր «մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին»: «2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում, Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ»,- նշված էր նախարարության նախորդ հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցերում դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ 20-ամյա այդ երիտասարդը ոչ այլ ինչ է, քան շարքային խաբեբա, ով ոչ միայն ստել է, այլեւ կեղծել բազմաթիվ փաստաթղթեր, սկսած «գիտությունների դոկտորի վկայականից», վերջացրած ամերիկյան NASA-ի հրավերով ու Պուտինի հետ ժամացույցի տակ ժամադրմամբ: Դե իսկ Youtube-ում տարածված տեսանյութերի մասին խոսելն ավելորդ է: Երիտասարդի մասնակցությամբ տարբեր հոլովակներ դիտողները լրջորեն սկսում են կասկածել նրա մտավոր ընդունակությունների վրա:

Արտակ Եղիազարյան


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ