Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի «Մարդկության» հուշարձանի ապամոնտաժումը սկսվել է արձանի գլուխը կտրելով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 26-ի առավոտյան սկսվել է հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները եւ 10:12-ին կտրվել է արձանի գլուխներից մեկը, որը նայում էր Կարսի բերդի ուղղությամբ։ Արձանի հետնամասում գտնվող փողոցն անվտանգության նկատառումներով փակվել է երթեւեկության համար։
Նշենք, որ հուշարձանի քանդումից օրեր առաջ Թուրքիայի տարբեր վայրերից Կարս էին ժամանել հայտնի արվեստագետներ եւ բողոքի ակցիա իրականացրել քանդման աշխատանքների դեմ։
Բողոքի ակցիային ներկա են եղել Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալեբեյօղլուն, հուշարձանի հեղանակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ այլ արվեստագետներ։
Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։