News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում երեխաներն ամենից հաճախ ենթարկվում են ֆիզիկական բռնության։ Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իրինա Սողոյանը։

«Բռնություններն ամենատարբեր բնույթի են, սակայն առավել մեծ տեղ զբաղեցնում են տանը, մանկապարտեզում եւ դպրոցներում անչափահասների հանդեպ ֆիզիկական բռնությունները։ Հատկանշական է, որ երեխաների ծնողները, դաստիարակները եւ ուսուցիչները հաճախ չեն էլ գիտակցում, որ ապտակը եւ ծեծը բռնություն են անչափահասի հանդեպ»,- նշեց նա։

Սողոյանի խոսքով, վիճակն առավել անմխիթար է Հայաստանի գյուղերում, ուր երեխաները ենթարկվում են նաեւ ախատանքային շահագործման՝ գյուղատնտեսական սեզոնի բացման հետ դաշտերում աշխատանքի «լծվելուն»։   

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները բացահայտե՞լ են, թե որ տարիքային խմբի եւ հատկապես որ սեռի երեխաներն են ամենահաճախը բռնությունների ենթարկվում, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ հատուկ տարիք եւ սեռ չի կարող առանձնացնել, որովհետեւ երեխաները Հայաստանում բռնության ենթարկվում են նորածնային շրջանից սկսած։ «Օրինակ, երբ փոքր երեխան լացում է, ասում են մի գրկեք՝ երես կառնի։ Իրականում, լացի պահին երեխային  չգրկելն ու չհանգստացնելը բռնության տիպիկ օրինակ է։ Բռնության մեկ այլ տարբերակ է դեռահասների կարծիքը հաշվի չառնելը, նրանց հետ հաշվի չնստելը»,- նշեց ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Հայաստանի որոշ շրջաններում աղջիկների հանդեպ ավելի խտրական վերաբերմունք է դրսեւորվում։

Նա դժվարացավ տվյալներ ներկայացնել երեխաների հանդեպ իրականացվող թրաֆիքինգի դեպքերից, քանի որ կազմակերպությունը, առանձին այդպիսի դեպքերով չի զբաղվում։

Հանդիպմանը ներկա, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն իր հերթին գոհունակություն հայտնեց ծրագրի եւ դրա արդյունքների վերաբերյալ՝ հատկանշական համարելով, որ երեխաների պաշտպանության հիմնական ծրագրերն ուղղված են Հայաստանի մարզերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ